Այսօր առավոտյան՝ ժամը 11:06-ին, նոր հետցնցում է գրանցվել Կապան քաղաքում: «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանի խոսքով` հետցնցումն այս անգամ թույլ է զգացվել, ուժգնությունը կազմել է ոչ ավելի, քան` 3 բալ:
Կապանում հետցնցումը գրանցվել է այսօր Իրանի տարածքում տեղի ունեցած 4.3 մագնիտուդով երկրաշարժի արդյունքում: Ըստ պարոն Բաղդասարյանի`այսօրվա երկրաշարժի էպիկենտրոնը Կապանից ավելի հեռու է եղել, քան` օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի դեպքում: Այս անգամ երկրաշարժը տեղի է ունեցել Ահար քաղաքից 30 կմ դեպի արեւմուտք (դեպի Թուրքիա), որտեղ ուժգնությունը կազմել է 6 բալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` այսօր տեղական ժամանակով 11:06-ին Իրանում գրանցված երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Կապանում հետցնցումը շատ թույլ է եղել եւ շատ քիչ թվով մարդիկ են զգացել այն, իսկ Գորիսում հետցնցում չեն գրանցել ծառայության սարքավորումները:
Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից տեղեկացանք, որ Կապանում գրանցված հետցնցումից հետո ավերածությունների, փլուզումների եւ այլ դեպքերի վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել իրենց մոտ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ