Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Հակոբյան. «Հայրենիքը նվերի նման սկուտեղի վրա չի մատուցվում»

Սեպտեմբեր 17,2012 16:12

Երկու օր առաջ ՀՀ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձավ Սիրիայի խնդրին: Մի շարք խնդիրների շարքում ՀՀ նախագահը շեշտեց. «Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` արտգործնախարարությունը, սփյուռքի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ և համակարգված, կարողանան համարժեք արձագանքել և որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում: Մասնավորապես, պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսևորեք ամենայն ուշադրություն և, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց»:

Այն, որ ՀՀ նախագահը այդպիսի ընդգրկուն խորհրդակցության ժամանակ, հանրապետության բոլոր ղեկավար մարմինների պատասխանատուների ներկայությամբ այսպիսի տոնով է խոսում նման խնդիրների մասին, վկայում է թերեւս այն մասին, որ երկրի ղեկավարը, մեղմ ասած, գոհ չէ այն քաղաքականությունից, որ վարվում է այս ոլորտում: Այս հարցով Aravot.am-ը դիմեց  «Սիրիահայության աջակցություն և հայրենադարձություն» նախաձեռնող խմբի անդամ Կարինե Հակոբյանին: Նա մեզ հետ զրույցում նկատեց. «Ինչ-որ բան այս ուղղությամբ արվել է, բայց այն, ինչ արվել է, ընդհանուր պրոբլեմից դուրս է: Երկրի իշխանությունները պիտի գիտակցեն հիմնական խնդիրը: Իսկ խնդիրն այն է, որ և ՀՀ հասարակությունը, և պետական իշխանությունները, և սփյուռքը չեն կարողանում հասկանալ, որ մենք պիտի հայաստանակենտրոն հայության գաղափարը առաջ տանենք: Սիրիայի հայերից հաճախ ենք լսում, թե մեր հայրենիքը Սիրիան է, մեր տունը Սիրիան է, այս մտածողության մեջ պիտի փոփոխություն լինի, որ մեր ապագան և անվտանգությունը կապենք Հայաստանի հետ: Նույն Սիրիայի պրոբլեմը պետք էր ուղղորդել այդ ուղղության: Սիրիահայությունը հայության սերուցքն է, երբ նրանք ցիրուցան են լինում աշխարհով մեկ, առաջին հերթին մենք պետք է մտահոգված լինենք այդ փաստով: Իսկ այդ գիտակցությունը մեր պետական իշխանության մեջ կարծես չկա»:

Տիկին Հակոբյանը նշեց, որ իրենք առաջարկել են ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որը կզբաղվեր թվարկված խնդիրներով: Այնինչ, ստեղծվեց ընդամենը Սփյուռքի նախարարության կազմում գործող մի մարմին, որը այդ խնդիրները լուծել ի զորու չէ: Սփյուռքի նախարարության աշխատանքի կապակցությամբ Կ. Հակոբյանը այսպիսի կարծիք հայտնեց. «Սփյուռքի նախարարությունը մանդատ չունի: Օրինակ՝ միգրացիայի վարչությունը չի ենթարկվում նախարարությանը,փաստորեն, աջ ձեռքը չգիտի` ձախն ինչ է անում: Կոորդինացիայի մեջ մեծ բաց կա»:

Կ. Հակոբյանին խնդրեցինք հստակեցնել՝ արդյոք սիրիահայության խնդիրների լուծման առումով մինչ այժմ բավարար քայլեր կատարվե՞լ են: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, բավարար չէ արվածը,  քանի որ չկա այն հիմնական կոորդինացիան և խնդրին արագ արձագանքելու կառույցը: Հիմնական խնդիրներից է սիրիահայերին աշխատանքով ապահովելու հարցը: Նրանց յուրաքանչյուր խնդիրն անհատական է: Սիրիահայերի աջակցության մեջ կա նաև ՀՀ-ի շահի խնդիրը: Գուցե լավ կլիներ, որ ՀՀ նախագահի  ելույթում կոչ լիներ սիրիահայությանը, որում ասվեր, որ հայրենիքի դռները բաց են նրանց առջև, քանի որ սիրիահայերն այդ կոչի կարիքն ունեն: Իսկ այն, որ բավարար քայլեր դեռ չեն արվել, ամենամեծ մեղքի բաժինը մեր ընդհանուր պետական քաղաքականության համատեքստում պիտի դիտել, նույն արտագաղթի հանդեպ անտարբեր վերաբերմունքը պետական իշխանության կողմից: Ավելի լայնացնելով խնդիրը՝ կարող ենք ասել, որ մեղքը մեր ազգային խեղված մտածողության մեջ է: Չենք ուզում հասկանալ, որ հայրենիքը պիտի շենացնել, ոչ թե ուրիշ երկիրն ու քաղաքները, քանի որ հայրենիքը նվերի նման սկուտեղի վրա չի մատուցվում: Սա պիտի նաև Սփյուռքը հասկանա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930