Կիրակի օրը` սեպտեմբերի 16-ին, Կապան-Սյունիք ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 ուղեւոր, որոնցից մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել, եւ նույն օրը հիվանդանոցում վիրահատության վերջում մահացել է:
Պատահարի մասին ժամը 17:32 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական ծառայություն ստացված ահազանգից հետո, դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ, եւ տեղում պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 08 OL 613 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի եթեւեկելի հատվածից, շրջվել ձորը եւ բռնկվել:
Մեքենայի մեջ եղած 2 ուղեւորները` 39-ամյա Արամ Հայրապետյանը եւ 40-ամյա Լեւոն Պապյանը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապանի հիվանդանոց: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհը մարվել է 17:40-ին, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի տեղեկացմամբ` Արամ Հայրապետյանը, ով դեպքի օրը մահացել է հիվանդանոցում, ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` թոքի եւ լյարդի պատռվածք, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի, նրա կյանքն այդպես էլ չհաջողվեց փրկել եւ վիրահատության վերջում մահացավ:
Իսկ Լեւոն Պապյանը դեռ հիվանդանոցում է, ներկա պահին վիճակը գնահատվում է միջին ծանրութան, կայուն: «Հիվանդն ունի համակցված վնասվածքներ, ստորին ծնոտի կոտրվածքներ, մարմնի տարբեր մասերում սալջարդ, գլխի բազմաթիվ վերքեր: Ներկայումս վիճակը միջին ծանրության է, կայուն», – «Առավոտին» փոխանցեց բժիշկ Աթաջանյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ