«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի ձեւակերպմամբ՝ երկրի վիճակը շատ ծանր է, լի մարտահրավերներով:
Ըստ նրա՝ այն քայլերը, որ անում են կուսակցությունները, պետական ատյանները, որեւէ փոփոխություն փիլիսոփայության մեջ չի խոստանում. «Ինձ ավելի շատ կհետաքրքրեր, եթե հարց տայիք բաճկոններից: Բանն այն է, որ այսօր բաճկոնն ավելի քաղաքական կատեգորիա է, քան այն ամենը, ինչ կատարվում ու արվում է: Բացատրեմ. միջին գինը հագ ու կապի, որ տեսնում ենք պառլամենտում, կառավարությունում, կազմում է 20-50 հազար դոլար, նայած, թե լկտիության որ աստիճանն է դրսեւորում անձը: Եվ եթե հաշվենք, որ Հայաստանում այսպիսի կեցվածք ունի առնվազն 2000-3000 մարդ, ապա ներդրումներից թաքցրած 100-200 մլն դոլար կարող եք տեսնել ձեր աչքերով»,- ասաց Մանուչարյանը` անցում կատարելով նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու հավանականությանը:
«Նախագահական ընտրություններին հնարավոր է ամեն ինչ: Չնայած այդ ընտրությունները չեն, որ ինչ- որ բան են փոխելու»,-նշեց Մանուչարյանը:
Կարդացեք նաև
Բանախոսի խոսքով՝ երկրում ընտրված են աստվածներ, ու ինչպես Վերգիլիոսն էր ասում, ընտրելով աստվածներին՝ դուք ձեր ճակատագիրն եք ընտրում, մենք արդեն ընտրել ենք մեր ճակատագիրը. «Հենց որոշեցինք, որ աստված մեզ համար փողն է, դրանից հետո ամեն ինչ ավարտված է, ինչից էլ խոսենք՝ երաժշտությունից, ժողովրդի ճակատագրից, երկրի անվտանգությունից, իրականում խոսում ենք փողից: Ոչ մի դրական միտում չկա այս իմաստով, ու քանի դեռ փողից ետ չենք կանգնել, դա մեզ ոչնչացնելու է»:
Մանուչարյանը, դառնալով Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը՝ ասաց. «Վերջին 20 տարում ամենաանբարո գործընթացը, որ ես տեսել եմ, դա ռուս թագավորի սրբացումն էր ռուսական եկեղեցու կողմից… «այս» մարդու հետ ինչ կատարվեց՝ դա անեծքի տարածք է, հիմա ես հրաժարվում եմ խոսել անեծքի տարածքի մասին»:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության «անեծքի տարածքից» լինելու մասին էլ ասաց. «Եթե ես պատասխանեմ այս հարցին, կնշանակի խաբեության սեանս կկատարեմ: Մենք ցույց ենք տալիս, որ ԲՀԿ-ՀԿԿ-ն եթե միավորվեն ու ՄԿԿ-ն նրանց դեմ դուրս գա, ինչ- որ բան կփոխվի: Բայց ՄԿԿ-ն լինի, թե ԲԿԿ-ն՝ ոչինչ չի փոխվելու: Հերիք է սուտ խոսենք: Եթե փողի իշխանությունը մնաց, այս երկիրը վերանալու է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ