Վայքի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ուղեկցում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գործող քաղաքապետ , ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետն իր ելույթներում խիստ քննադատության է ենթարկում իր նախորդին՝ Սերգեյ Բագրատյանին, ով ԲՀԿ-ն էր ներկայացնում: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին՝ ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն ետեւից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,-հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Էդգար Ղազարյանը:
«Առավոտի» հետ զրույցում մարզպետը հաստատեց, որ ոչ աշխատանքային ժամերին ինքն իսկապես ուղեկցում է Սիրեկան Բաբայանին: Հաստատեց նաեւ, որ քննադատական խոսքեր հնչեցրել է նախկին մարզպետի եւ ԲՀԿ-ի հասցեին. «Քննադատությունս էլ ոչ թե վերաբերվում է անձնապես նախկին մարզպետին, այլ, ես այսպես եմ հիշում իմ ելույթներում, որ կոալիցիոն համաձայնագրով, մեր մարզը ղեկավարելու իրավասությունը վերապահվել է ԲՀկ-ին՝ շուրջ հինգ տարի: Այդ ընթացքում երկու տարբեր մարդիկ են եղել մարզպետներ: Ես համեմատության մեջ եմ դնում ԲՀԿ-ի կարգախոսը՝ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր»՝ իրականության հետ»:
Եղեգնաձորում քաղաքապետի ընտրությունները կայանալու են գալիք կիրակի օրը, սեպտեմբերի 23-ին: Եղեգնաձորի քաղաքապետի աթոռի համար պայքարում են ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սիրեկան Բաբայանը եւ ԲՀԿ տեղի կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»