Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Լավ չի, որ տղամարդը մի խոսք է ասում, հետո, մամայի արեւ երդվելով՝ հրաժարվում իր ասածից»

Սեպտեմբեր 17,2012 14:27

«Այդ հարցազրույցում միմյանց հակասող բազմաթիվ մտքեր կան, ինչպես նաեւ ճշմարտությանը չհամապատասխանող մտքեր»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նուվել դ’Արմենի» ամսագրում տպագրված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտնի հարցազրույցին, ասաց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Զոյա Թադեւոսյանը: Բանն այն է, որ տվյալ հարցազրույցում անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հաջորդած զարգացումներին, ասել էր, որ հասարակական պայքարի առաջամարտիկ ՀԱԿ-ականները լսել են իր հեռախոսազրույցների վերծանությունները, համոզվել, որ ինքն անտեղյակ է եղել դեպքերի զարգացումներից, այդ իսկ պատճառով էլ հիմա, ըստ Հայրապետյանի, «ձայնները կտրել են»:

«Ինքս, ընդհանրապես, լուրջ չեմ վերաբերվում այդ հարցազրույցին եւ հարցազրույց տվողին չեմ կարծում, որ պետք է ընկալել, որպես քաղաքական անձ»,- ասաց Զոյա Թադեւոսյանը՝ հավելելով, որ շատ ավելի լավ կլիներ, որ Հայրապետյանն այդ հարցազրույցը չտար, քանի որ դրանով իրեն դրել է վատագույն իրավիճակի մեջ. «Լավ չի, որ տղամարդը մի խոսք է ասում, հետո, մամայի արեւ երդվելով՝ հրաժարվում իր ասածից»:

Հարցին՝ հնարավո՞ր է այս հարցազրույցը որոշի ՀՀԿ-ԲՀԿ հետագա հարաբերությունները, քանի որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը ԲՀԿ առաջնորդի մասին ուշագրավ դիտարկումներ էր արել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հինգ տարի երկրի քաղաքական, տնտեսական զարգացման համար պատասխանատու երկու կուսակցությունները պատասխանատու են նաեւ հետագայի համար: Չեն կարող կեսից հրաժարվել իրենց պատասխանատվությունից եւ այլ դաշտերի վրա միմյանց հետ հարաբերվել: Նրանք միեւնույն ճանապարհի վրա գտնվող, նույն ուղղությամբ գնացող քաղաքական ուժեր են: Այստեղ պարզելու ոչինչ չկա: Իսկ մնացածը կոչվում է՝ ժողովրդի աչքերին փոշի փչել»:

Նելլի  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930