«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել էր մի շարք կետեր ներգրավել նախընտրական ծրագրերում: Դրանց թվում էին հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրերի ներմուծումը, համացանցային որակյալ կրթական բովանդակության հայացումը եւ ներմուծումը կրթական միջավայր, «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ. կատարված փոփոխությունները վերանայելը, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:
Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ այսօր, երբ որոշ կուսակցություններ արդեն խորհրդարանում են, կատարե՞լ են իրենց խոստումները:
«Դեռ ոչ մի տեղաշարժ չկա, չնայած որոշ կուսակցություններ հետաքրքրություններ ունեն, որպեսզի մենք առաջարկենք օրենքների փոփոխություններ, որոնք կդիտարկեն եւ կփորձեն առաջարկել Ազգային ժողովին: Խոսքը մասնավորապես «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» եւ ժամանակին նաեւ ՀԱԿ-ի մասին էր: Նրանք ակնկալում են ոչ թե ուղղակի առաջարկ, այլ արդեն մշակված, օրենսդրական չափանիշներին համապատասխան մի փաստաթուղթ, ինչը մեզ համար այս պահին դժվարություն է, որովհետեւ նման ունակություններ մենք չունենք ու ստիպված ենք առաջարկները հանձնել մասնագետի, որը կարող է ամեն ինչ պատշաճ ձեւակերպել»,-ասաց պարոն Ապատյանը: Նա նշեց, որ երբ փաստաթուղթը պատրաստ լինի, կրկին կներկայացնեն կուսակցություններին:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ ՀՅԴ-ից արձագանք կա՞, մանավանդ նախաձեռնության որոշ առաջարկներ այդ կուսակցությունը ներառել էր իր նախընտրական ծրագրում եւ ինչ արձագանքներ կան մյուս ուժերից: «ՀՅԴ-ն իսկապես մեր երկու առաջարկ ներառել էր իր ծրագրում, սակայն երեկ երբ ես «Խորհրդարանական շաբաթով» լսում էի նրանց ելույթը իրականացվելիք աշխատանքների մասին, այդ երկու կետի մասին խոսք չգնաց: Գուցե արդեն շրջանառության մեջ մտցրե՞լ են, չգիտեմ: Հիշեցնեմ, որ այդ երկու կետերը վերաբերում էին միջազգային բակալավրիատի ծրագրին եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հայացմանը»,- հավելեց Ապատյանը:
Նրա ասելով՝ ՕԵԿ-ը ի սկզբանե որեւէ ցանկություն չի ունեցել իրենց հետ հանդիպելու, ՀՀԿ-ն խոստացել էր քննարկել առաջարկները ու որոշ կետեր ներառել ծրագրում, ԲՀԿ-ն չի կարողացել արդեն պատրաստ ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, բայց պատրաստակամություն է հայտնել համագործակցել:
Արամ Ապատյանը հույս ունի, որ երբ իրենց առաջարկները օրինագծի տեսք կունենան, հավանաբար որոշ կուսակցություններ կփորձեն նպաստել, որ դրանք օրենքի ուժ ստանան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ