ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի համոզմամբ ՀԱԿ պատգամավորները գերագնահատում են իրենց աշխատանքը Ազգային ժողովում:
«Համենայնդեպս որեւէ վատ բան չէի ուզենա ասել նրանց ելույթների որակի մասին, բայց շատ ճիշտ չէ, որ դրա պատճառով Ազգային ժողովի աշխատանքները դարձել են արդյունավետ: Ինքնագոհությունը երբեք լավ բան չի եղել, եթե իրենցից գոհ են, ինչ ասեմ»,- Aravot.am-ին ասաց պարոն Բադեյանը` անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն պնդումներին, թե իրենց լավ ելույթները Ազգային ժողովում որակ են փոխել ու «պառլամենտում բոլոր իշխանավորները դարձել են զգույշ, չեն քնում, խաշի քիչ են գնում, քյաբաբ ուտելու քիչ են գնում, գալիս են նստում էնտեղ պարտադիր»:
Պարոն Բադեյանի խոսքերով, ԱԺ-ում որակի փոփոխություն է եղել` կապված քաղաքական ուժերի վերադասավորմամբ, իսկ խաշի ու քյաբաբ ուտելու գնացողները էլի կշարունակեն գնալ. «Եթե տենց մարդիկ կան Ազգային ժողովում, իսկ երեւի թե կլինեն, հաստատ իրենց չի հետաքրքրի, թե Արամ Մանուկյանն ինչ խելոք կամ ոչ այդքան խելոք բաներ է ասում»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե պարոն Բադեյանը խաշ ուտողների՞, թե՞ ԱԺ-ում մնացողների մեջ է, պարոն Բադեյանը պատասխանեց. «Դուք պիտի դատեք, ես հո ինձ չեմ բնութագրի»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի պնդմանը, թե «իշխանություններն անգամ 7 պատգամավորի քննադատությունից վախենում են» (նկատի ուներ ՀԱԿ պատգամավորներին), պարոն Բադեյանն ասաց. «Իրենց քննադատությունը համարում եմ օգտակար, բայց որեւէ վախի մասին խոսք լինել չի կարող, ինչի՞ց ենք վախենում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ