ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով, առաջիկա ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ԲՀԿ ստվերային բանակցություններ են ընթանում: «Բայց կարծում եմ՝ դա որպես քաղաքական հայտարարություն, երեւացող գործընթաց չի դառնա»,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Կարապետյանը: Անդրադառնալով ֆրանսիական ամսագրին տված Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի` ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունն ակնարկող հատվածին, ասաց, որ
Ռուբեն Հայրապետյանը կիսվում է այն տեղեկատվությամբ, որը կա իշխանության ներսում. «Իմ տպավորությամբ՝ կարելի էր ավելի լուրջ , քաղաքականացված մարդ գտնել, որ դա ասեր: Եթե նկատեցիք, ավելի շատ անդրադարձան հարցազրույցի ոչ թե այդ հարցին, այլ շնիկների ու մնացածի, սա էլ է մակարդակի խնդիր, դա չարվեց, որովհետեւ լուրջ քաղաքականացված մարդ չէր ասողը: Միշտ ասել եմ, որ Սերժ Սարգսյանի PR-ի մասնագետները այնպես են անում, որ լավը վերջում անպայման վատ է դառնում»:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին, պրն Կարապետյանն ասաց, որ նախագահի թեկնածուների պակաս երբեք չի զգացվելու, հնարավոր է՝ նրանց թիվն անգամ հասնի 20-ի: Նա դժվարացավ կանխատեսումներ անել` բացատրելով, որ Հայաստանն այնքան զգայուն է ներքին ու արտաքին մարտահրավերներին, որ սցենարները շատ արագ կարող են փոփոխվել: «Իմ մասնակցությունը հաստատ է»,- վստահեցրեց պարոն Կարապետյանը:
Կարդացեք նաև
Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը պարոն Կարապետյանը հավանական համարեց այն դեպքում, երբ դրսից դրա պահանջը լինի. «Այս պահին դրա պահանջարկը չկա: Փոփոխությունները, որոնք նախատեսում են դրսում, պետք է կապված լինի այն մարդկանց հետ, որոնք կարող են այդ փոփոխությունները ռեալ իրականացնել: Ամեն անգամ մեզ հրամցնում են դեպի հետ ճանապարհը` այն, ինչ ունեցել ենք, ավելի լավն է, քան այսօրվանը… այդպես հետ վերադարձավ Լեւոն Տեր -Պետրոսյանը, այդպես փորձում է վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը, վաղը չէ մյուս օրը, եթե օրենքների փոփոխություն չլինի, այդպես կցանկանա վերադառնալ Սերժ Սարգսյանը»:
Հարցին, թե Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ հակամարտությունը իրատեսակա՞ն է եւ ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ նրանք վերջերս քննարկել են վարչապետի հարցը, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ինչքան գիտեմ, վերջերս մի խոսակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դրսի հայ էլիտայի հետ ասել է, որ Սերժ Սարգսյանը ինձ մոտ վարչապետ աշխատել է, ընդհակառակը՝ չի լինի: Ռոբերտ Քոչարյանի դեպքում խոսակցությունը գնում է 2 խնդրի շուրջ` իր օրոք ավելի լավ են ապրել, եւ երկրորդ, որ ինքը Պուտինի ընկերն է»:
Պարոն Կարապետյանը դժվարացավ ասել նաեւ, կառավարությունում իր ասած հնարավոր փոփոխությունների դեպքում ով կլինի վարչապետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ