«Հյուրիեթ» թերթը, անդրադառնալով Հայաստանում անցկացվող ՀԱՊԿ զորավարժություններին, գրում է, որ հետխորհրդային երկրներից` Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, մոտ երկու հազար զինվոր է ժամանել Երևան՝ հնգօրյա զորահանդեսին մասնակցելու համար:
Ըստ թերթի, այս զորավարժությունները մերձեցնում են Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները ու էլ ավելի սրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո ստեղծված լարվածությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Ադրբեջան կատարած իր վերջին այցի ժամանակ դրական խոսքեր է ասել Ադրբեջանի հասցեին, իսկ վաղը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելելու է Ֆրանսիա, որտեղ հիմնական քննարկվող թեման է լինելու Արցախի հարցը: Ինչպես նաև, Անկարան և Բաքուն հունիս ամսին համաձայնության են եկել կառուցել 7 միլիարդանոց Տրանսանատոլիական գազատարը (Թանափ), որը ադրբեջանական գազը պետք է հասցնի Եվրոպա, ինչը համարվում է շատ կարևոր գործարք, քանի որ այն Եվրոպայի համար Մոսկվայից եկող էներգիային այլընտրանք կլինի: