Գյումրու նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը երեկ իրեն պատկանող անանուն մի ռեստորանում, որն, ըստ էության, չգործող է և գտնվում է Ստորմմաշինա գործարանին հարակից Բալասանյաններին պատկանող գարեջրի գործարանի տարածքում, նշել է իր հաղթանակը: Նա, ըստ որոշ տեղեկությունների, հրավիրել է իր թիմակիցներին` գարեջրագործ ընկերներին, որոշ կուսակիցների` Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանին, ԱԺ նախկին պատգամավոր, գուլպա-նասկեղեն արտադրող Չուլոշնի գործարանի տնօրեն Ռոբերտ Զաքարյանին, իրեն սատարած այլ անձանց, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների մի քանի անդամների, դպրոցների որոշ տնօրենների, որոնց, ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների, ուղեկցել է Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության բաժնի պետերից մեկը` Գևորգ Ղումաշյանը:
Ըստ մեր աղբյուրների, հավաքվածների մեջ կային այնպիսի մարդիկ, որոնք 4 տարի առաջ նույն կրքոտությամբ Ղուկասյաններին պատկանող «Օազիս » ռեստորանում մեծարում էին վերընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը խնջույքին չի մասնակցել:
Եվ մինչ պարոն Բալասանյանը քեֆ էր անում ` տոնելով Գյումրիում կատարված իշխանափոխությունը, այդ նույն ժամանակ «Շիրակ» հանրային հեռուստաընկերությամբ Վարդան Ղուկասյանը ուղղակիորեն ողբում էր իր պաշտոնի կորուստը: «Քաղաքապետարանի լրատու» հաղորդաշարը, որը մշտապես գովաբանել է 13 տարվա քաղաքապետի գործունեությունը, այս անգամ ևս ամփոփելով նրա արած գործերը Գյումրիում, նրան ամենափրկիչ ներկայացնելով, անգամ Մուշ 2 նորակառույց թաղամասի ու հիվանդանոցի շինարարությունը Ղուկասյանին վերագրելով, սկսվեց ենթատեքստով, որը Սամվել Բալասանյանին ուղղված խայթոց էր: Հաղորդաշարում Վարդան Ղուկասյանին ներկայացնելիս շեշտվեց, որ նա ընտրված քաղաքապետ էր, չեկավ «դաբրոներով ու նշանակումներով, զոռբայությամբ ու զոռով», իսկ Վարդանին գովերգող այս խոսքերը միաժամանակ պարսավանք էին` ուղղված Բալասանյանին:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ