Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում պատռել են համայնքի ղեկավարի թեկնածուի քարոզչական պաստառները

Սեպտեմբեր 17,2012 11:10

Մարտունու տարածաշրջանի համայնքների մեծ մասում ՏԻՄ ընտրությունները սեպտեմբերի 23-ին են: Լիճքում 2 թեկնածու է. գործող գյուղապետ հանրապետական Գնել Գրիգորյանն ու համայնքի ավագանու անդամ, դաշնակցական Համլետ Հակոբյանը: Վերջինս «Մարտունի ԻնֆոՏան» բլոգում տեղեկացնում է. «Սիրելի լիճքեցիներ, ես նախընտրական քարոզչության ընթացքում դիմել եմ Ձեզ, ի տարբերություն ոմանց, ողջունել մրցակցիս`ոչ թշնամուս, ավագանու անդամության թեկնածուներին և սևը սպիտակի վրա ներկայացրել իմ պայքարի ձևաչափը:

Սակայն նախընտրական քարոզչապաստառները (տեղեկատու թերթիկների, նախընտրական ծրագրի, համագյուղացիներիս ուղղված կոչի, նկարների տեսքով) մի քանի անգամ պատռվել էին , անկասկած` մրցակից կողմի ձեռքով: Բազմիցս հետևել ենք, ճշտումներ կատարել և արդյունքում պարզվեց, որ չէինք սխալվում այս զազրելի արարքի հեղինակի հարցում…

Վերջին 4 օրերին` ժամը 16-ից 18-ի սահմաններում, մենք ականատես եղանք մի ցինիկ տեսարանի. գործող գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Գնել Գրիգորյանի համար քարոզչություն իրականացնող, Լիճքի դպրոցներից աշխատանքից ազատված, տարրական դասարանների նախկին ուսուցչուհի Զեմֆիրա Բաղդասարյանը մի քանի կանանց ներկայությամբ, չնկատելով մեզ, անբարոյական արտահայտություններով վարկաբեկում էր ինձ, ապա առանց ամաչելու պատռեց քարոզչապաստառները…
Նկատի ունենալով, որ արարքի հեղինակը կին էր, անկախ իր վարքուբարքից` մեր համագյուղացին, և մեզ թույլ չտվեցինք վեճի մեջ մտնել, առավել ևս, որ իմ և ինձ սատարող անձանց դաստիարակությունը դա թույլ չի տալիս:
Բայց Զ. Բաղդասարյանը, տնետուն ընկնելով, շարունակեց նույն պահվածքը դրսևորել  և կրկին առանց ամաչելու պատռել քարոզչապաստառներս…
Պատռված պաստառների տեղում վերստին նորերը փակցնելուց հետո էլ վերջինս շարունակեց պատռել դրանք: Երկու օր նույն արարքը տեսնելուց հետո ես զանգահարել եմ թիվ 24 ԸԸՀ-ի նախագահ պարոն Սարո Ղազարյանին և խնդրել միջոցներ ձեռք առնել` այս այլանդակությանը վերջ տալու համար:
Արդեն կարող եք պատկերացնել, թե ում հովանու ներքո է գործում, մեր գյուղում իր վարքով հայտնի Զեմֆիրա Բաղդասարյանը…
Ես մեր համագյուղացիների հետ հանդիպելիս ասել եմ, որ մեր համայնքին այս վայրագությունը պատիվ չի բերում,ամոթ է…
Սիրելի լիճքեցիներ, տեսեք, թե ինչ քաղաքական թիմ ունի մրցակիցս և, Աստված մի արասցե,   եթե ցանականաք նրան վստահել, ինչպիսի ձեռքերում կարող է հայտնվել  մեր համայնքի 4 տարիների ճակատագիրը:
Կներեք, որ լիճքեցուն ոչ վայել արարքի մասին ստիպված եղա այս անգամ կիսվել Ձեզ հետ, սակայն ամեն մարդ էլ արժանապատվություն և համբերություն ունի:
Իսկ օրինակելի համայնք ու հզոր պետականություն հնարավոր է կառուցել միայն օրինապահության, արդար մրցակցության ու հանդուրժողականության պայմաններում:

Հարգանքներով` Համլետ Հակոբյան ( Լիճք համայնքի ղեկավարի թեկնածու)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930