Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կարդացեք նաև
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ռոշ ա Շանայի` Նոր տարվա կապակցությամբ:
Միանում եմ Հայաստանում բնակվող հրեական բոլոր ընտանիքների ուրախությանը, որոնք այսօր նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը: Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Նաև մաղթում եմ, որ դուք պահպանեք ու զարգացնեք ձեր լեզուն, ձեր հոգևոր արժեքներն ու մշակույթը, որոնք նաև Հայաստանի մշակութային բազմազանությունն ու հարստությունն են:
Թող գալիք նոր տարին Հայաստանի հրեաների համար լինի խաղաղության և նոր ձեռքբերումների տարի: Թող հրեական համայնքը Հայաստանի ողջ ժողովրդի հետ միասին երբևէ չբախվի այնպիսի հակամարդկային երևույթների, ինչպիսիք են ազգային ու կրոնական խտրականությունը կամ այլամերժությունը: Թող հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ ուս ուսի, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:
Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն և բարձր տրամադրություն ձեզ»: