Վանաձորում առաջիկայում կսկսվեն բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները:
Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցն ու Լ.Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրը միացվեցին, անհրաժեշտություն առաջացավ Վանաձորում ստեղծել բժշկական կենտրոն` լրիվ նոր շենքային պայմաններով, հագեցած ժամանակակից բուժտեխնիկայով:
«Հիմա առողջապահական թիմում ընթանում են նախագծման աշխատանքները: Այս պահին հողհատկացումն արդեն արված է, երբ նախագծման աշխատանքներն ավարտվեն, շինարարական աշխատանքները կսկսվեն»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Կարդացեք նաև
Նրա փոխանցմամբ մարզում արդեն այս տարվա մեջ կիրականացվեն նաեւ այլ շինարարական աշխատանքներ:
«Արդեն այս տարի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» կողմից պետք է իրականացվի նաեւ Ալավերդու դիահերձարանի հիմնանորոգումը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» կողմից կվերանորոգվեն տուբերկուլյոզի առանձնացրած սենյակներ»:
Սամվել Լամբարյանը հավելեց, որ առանձնացված սենյակների վերանորոգման հարցում իր փոքր ներդրումը կունենա նաեւ Լոռու մարզպետարանը:
Նա նաեւ նշեց, որ այս պահին Ալավերդիում ընթացող բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների արդյունքում արդեն մեկ տարի անց կունենանք վերանորոգված ամբուլատոր մաս եւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ:
«Ստացիոնար մասնշենքը «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի» միջոցներով երկու փուլով վերանորոգվել եւ արդեն շահագործման է հանձնվել, այս փուլում ներառվում են ամբուլատոր մասը եւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքերը, որոնք ինձ հասած տվյալներով մեկ տարվա ընթացքում կվերանորոգվեն»,-եզրափակում է Սամվել Լամբարյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր