Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել անպատասխան սիրո դեպքում. Հոգեբանի կարծիքը այս հարցի վերաբերյալ

Սեպտեմբեր 15,2012 17:28

  Անպատասխան սերը ամենադաժան փորձություններից մեկն է: Ինչպես պարզել են տարբեր հետազոտություններ՝ մարդկանց մոտ 94 տոկոսը  իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապել են անպատասխան սիրուց:

Էդուարդը 20 տարեկան է, ասում է՝ կապ չունի սերդ անպատասխան է, թե` փոխադարձ, կարևորը զգում ես սիրո քաղցրությունը: Նրա կարծիքով անպատասխան սիրո դեպքում պետք է խոսել զգացմունքներիդ մասին և ասել դիմացինին, թե ինչ ես զգում. «Առանց զոհողությունների սեր չի լինում: Կարող ես նաև հայացքով ասել, երբեմն հայացքը կարող է ավելի խոսուն լինել, քան խոսքերը»: Բայց ինչպես նշում է Էդուարդը վերջում՝ իսկական սերը երկկողմանի է լինում:
24-ամյա Արամի համար անպատասխան սեր գոյություն չունի. «Ուղղակի լավ սիրող ա պետք»,- ծիծաղելով ասում է նա: Արամի կարծիքով, եթե սիրում ես ինչ-որ մեկին, ով քո հանդեպ անտարբեր է, ապա քո ճիշտ և մտածված քայլերի դեպքում սերը կարող է երկկողմանի դառնալ:
21-ամյա Անահիտն էլ մեզ հետ զրույցում անկեղծանում է: Սիրում է, բայց համարձակությունը չի հերիքում խոստովանելու համար. «Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ճանաչում եմ նրան, մի քանի անգամ ենք ուղղակի խոսել, չգիտեմ ինչ է կատարվում հետս, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ մեկին անպատասխան սիրել, այն էլ այն աստիճանի, որ երբեմն մտածում եմ նրան խոտովանելու մասին, բայց վախենում եմ: Գոնե փոխադարձ ինչ-որ բան զգայի»,- ասում է նա: Աղջիկների դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: Նրանցից քչերը կհամարձակվեն խոստովանել իրենց սիրո մասին: 27-ամյա Նունեն փորձում է մեկնաբանել. «Դա մեր տղաներից է գալիս: Որովհետև աղջիկները գիտեն, որբ խոսեն իրենց սիրո մասին կամ փորձեն գրավել տղաներին, տղաները դա չեն ընդունի և շատ հաճախ երեսով կտան: Դրա համար էլ ոչ թե պետք է գնալ և ասել, այլ փորձել այնպես անել, որ տղաների մոտ էլ զգացմունք առաջանա»,- ասում է նա:
Հոգեբան Գոհար Պողոսյանը խորհուրդ է տալիս՝ նախ պետք է հասկանալ՝ դա իրոք սեր է, թե ոչ, որովհետև սիրահարվածություն, համակրանք, սեր դրանք լրիվ տարբեր բաներ են: Եվ եթե իրոք համոզվել եք, որ դա սեր է և առանց նրա չեք կարողանում, ապա ձեր սերը պետք է ժամանակի փորձությանը ենթարկվի: Հոգեբանի կարծիքով` անպատասխան սիրո դեպքում պայքարել սիրո համար կարելի է, սակայն ծայրահեղական քայլերի դիմելը անընդունելի է. «Պայքարել կարելի է, բայց  շատ կարևոր է պայքարի ձևերը, որովհետև, ի վերջո, այդ պայքարի ընթացքում կարող է այնպիսի բաներ պարզվել կամ այնպիսի արժեքներ ոտնահարվել, որ հասնելով ամեն ինչի՝ դու տեսնես, որ այն ճանապարհը, որով անցել ես, որը և’ փշոտ, և’ անհարթ է եղել, դու մի կերպ հաղթահարել ես, բայց երբ այդ ընթացքում արժեքներ են ոտնահարվում, արդեն հասած, քո ցանկալի կետը անհետաքրքիր է թվում, և դու ասում ես՝ սա՞ էր այն ամենը, ինչի համար ես այդ ամեն ինչը արեցի»:
Հոգեբան Գոհար Պողոսյանը խորհուրդ տալ, թե ինչ անել անպատասխան սիրո դեպքում, դժվարանում է. «Դա, ի վերջո, կախված է և’ աղջկա, և’ տղայի խառնվածքից ու նրանց փոխհարաբերություններից, եթե ես հիմա մեկ դեղատոմս առաջարկեմ, դա բոլորի դեպքում չի գործի: Իրենք պետք է ներսում հասկանան այդ իրավիճակը, արժե՞ պայքարել, ի՞նչ ասել, ի՞նչ չասել, ինչպե՞ս իրավիճակը զարգացնել, որ դիմացինի մոտ էլ զգացմունք առաջանա: Ի վերջո, դա շատ անհատական է»:

 

 Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930