Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժի մեջ է մտել ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման նոր կարգը

Սեպտեմբեր 15,2012 15:47

Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը:

Այն հաստատվել է կառավարության օգոստոսի 23-ի որոշմամբ, որով նաև ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000 թ.-ի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» որոշումը:

Ըստ այդմ, մասնավորապես, հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման` բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի` կենդանության օրոք գրավոր ձևակերպված կամքն է:

Հերձումից հրաժարվելն արգելվում է, երբ պարտադիր են հերձումները, մասնավորապես՝

-երբ հիվանդը մահացել է հիվանդանոցային հաստատություն ընդունվելուց հետո՝ առաջին 24 ժամվա ընթացքում,
-վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում,
-չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան),
-շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում,
-հղիների, ծննդկանների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքերում,
-ՀՀ կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկի հետևանքով անձի մահվան դեպքում,
-հանկարծամահության դեպքում՝ անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից, եթե առկա է մահացածի ընտանիքի անդամների կամ մահացածի մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարի բողոքը.

Հերձումից հրաժարվելն արգելվում է նաև, երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով, մասնավորապես՝

-երբ մահացածի անձը ճանաչված չէ,
-երբ ախտորոշումը հայտնի չէ, ընդ որում` անկախ տարիքից և բժշկական հաստատությունում գտնվելու տևողությունից,
-երբ բժշկական անձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացվել իրավապահ մարմիններ,
-բռնի մահվան դեպքում՝ սպանություն, ինքնասպանություն, ինչպես նաև դժբախտ պատահարի դեպքում (մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն),
-բռնի մահվան կասկածի դեպքում՝ անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից,
-մանկասպանության կասկածի դեպքում,
-Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ հղիության արհեստական ընդհատման (աբորտ) դեպքում:

Ըստ հաստատված կարգի, հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:

Հերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները (այլանդակումները): Հերձման տվյալները պարտադիր գրանցվում են մահացածների հաշվառման քարտադարանում՝ ըստ օրգանների և հիվանդագիտական ձևերի:

Մահացածի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանոթանալու հերձման մասին եզրակացությանը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930