Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Աղվան Ավագյանը վարելով «Մազդա 6» մակնիշի 300 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին, Դիլիջանի ոլորաններում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվել ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վարորդը վնասվածքներ չի ստացել, և մինչ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատի ժամանումը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, որը ոչ մի վնասվածք չի ստացել: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի տեսուչներ Արմեն Բադիրյանն ու Աշոտ Մարկոսյանը:
Կարճ ժամանակում վթարի վայր է ժամանել նաև «ՌոսԳոսՍտրախ» ապահովագրական ընկերության աշխատակիցը:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Այս պահին հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Բագրատունի Մինասյանի և ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ միասին դեպքի վայր են բերում հատուկ տեխնիկա, որպեսզի ավտոմեքենան դուրս բերվի ձորից : Իսկ փրկարարները մնում են այնքան ժամանակ, մինչև ավտոմեքենան ձորից դուրս բերվի: