Օրեր առաջ երգչուհի Անի Քրիստին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արդեն զգում եմ, որ Երեւանս կարոտել եմ, երեւի շուտով կլինեմ իմ սիրած, հարազատ քաղաքում»: Bravo.am-ն էլ փորձել է ճշտել, թե երբ է երգչուհին պատրաստվում գալ Հայաստան. «Դեռ հստակ չգիտեմ, բայց քանի որ անկանխատեսելի բնավորություն ունեմ, միգուցե մի օր պարզապես գնեմ տոմսերն ու գամ իմ հարազատ քաղաք», -ասել է նա:
Մինչ Անի Քրիստին կարոտում է իր հայրենիքն ու նախատեսում է գալ, ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն արդեն Հայաստանում է: Սա նրա երրորդ այցելությունն է հայրենիք: Սակայն ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս երգիչը նոր տեսահոլովակով է եկել: Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայում:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հատկապես ֆեյսբուքում ակտիվ են նաև հանրային դեմքերը: Մի քանի օր առաջ էլ «Մեծ Հայքի» Նարեկն է արտահայտվել իր անձնական էջում, տեղեկացնելով, որ անորոշ ժամանակով հեռանում է ռեփից. «Բոլոր իմ երկրպագուներին ուզում եմ տեղյակ պահել, որ ես անորոշ ժամանակով դուրս եմ գալիս ռեփից: Բոլորիդ շատ սիրում եմ ու գնահատում: Շարունակեք լսել Մեծ Հայք»:
Նոր տեսահոլովակ է նկարահանել երգչուհի Վարսան: Սա նրա թվով երկրորդ տեսահոլովակն է: «Realised» անգլիալեզու երգի երաժշտության հեղինակը կոնսերվատորիայի դասախոս, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է, խոսքերը գրել է Աննա Ամիրյանը: «Նրանց հետ համագործակցել եմ նաեւ առաջին տեսահոլովակիս երգի համար: Այն սոուլ ոճում է, թե՛ երաժշտությունը, թե՛ բառերը հոգեհարազատ են ինձ ու իմ կյանքի հետ կապ ունեն: Մոտավորապես այսպես են հնչում խոսքերը` ատամներդ սեղմիր, որ չզգաս, թե ինչ ցավ է, որովհետեւ ես քեզ շպրտում ու ազատում եմ: Հերիք է լաց լինես, աղաչես, ես ազատում եմ քեզ, որովհետեւ դու ինձ համար այլեւս հետաքրքիր չես: Երգը վայրի, ուժեղ մարդու մասին է, այդ թվում` իմ: Կարելի է ասել, ազատելուց հետո հիմա սիրտս ազատ է»,-Bravo.am-ի հետ զրույցում ասել է Վարսան:
Տեսահոլովակների թիվն օրեցօր ավելանում է, իսկ Statoz.com կայքը դրանց հետևելով պարբերաբար հրապարակում է Youtube-ում տեղադրված տեսահոլովակների վիճակագրությունն` ըստ երկրների: Այսպիսով, ըստ կայքի՝ Հայաստանյան տեսահոլովակների դիտումների պատկերը հետևյալն է՝
Միհրան Ծառուկյանի և Լիլիթ Հովհաննիսյանի «Ինչո՞ւ եմ քեզ սիրում» երգի տեսահոլովակ տասներորդն է՝ 1,711,636 դիտումով:
Թեև «Блатной удар» -ի «Доля воровская» երգն արդեն հեռացվել է Youtube-ից, բայց ժամանակին այն գրանցել է 1,788,711 դիտում և աղյուսակում շարունակում է մնալ հայաստանյան ամենադիտված տեսահոլովակների ցանկում:
Ութերորդը Տիգրան Ասատրյանի «Հայի սիրուն աչքեր» կատարումն է՝ 1,797,498 դիտումով:
Սիրուշոյի «Erotas»-ը 7-րդն է՝ 1,880,796 դիտումով:
Թաթա Սիմոնյանի «Տեսել եմ» երգը գրանցած է եղել 1,943,780 դիտում և եղել է 6-րդը, սակայն այն տեղադրված է եղել անհայտ օգտատիրոջ կողմից և հեռացվել է «Թաթա փրոդաքշն»-ի բողոքով:
Սիրուշոյի «Քելե քելե»-ն հատել է 2 մլն-ի սահմանը և 5-րդն է՝ 2,020,537 դիտումով:
Statoz.com կայքի վիճակագրության տվյալները ներկայացրել էր yes.am-ը:
Տիգրանուհի Թասլակյան