Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա. Խաչվերացը միայն ննջեցյալների տոնը չէ

Սեպտեմբեր 15,2012 13:33

 Այս տարի Սուրբ Խաչի տոնը` Խաչվերացը, նշվում է սեպտեմբերի 16-ին:

Այսօր Տեր Եսայի քահանա Արթենյանը եւ ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը «Հենարան» ակումբում ներկայացրեցին տոնի կրոնական եւ ազգագրական նշանակությունը:

Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ տոնի հիմքում ընկած է խաչի խորհուրդը. «Պատմական իրողության համաձայն, 614թ-ին Քրիստոսի խաչափայտը գերեւարվում է պարսիկների կողմից: Վերջիններս քանդում են գրեթե բոլոր եկեղեցիները, բացառությամբ Բեթղեհեմում գտնվող Սուրբ Ծննդյան եկեղեցու: 621թ-ին Հերակլ կայսրը խաչափայտը ետ է բերում Պարսկաստանից: Պատմիչների վկայություններով` պատերազմին մասնակցել են նաեւ հայերը»:

Քահանան նշեց, որ Խաչվերացը թյուրիմացաբար ստուգաբանում են «խաչի վերադարձ», բայց իրականում այն նշանակում է «խաչը վեր բարձրացնել». «Խորհուրդը խաչի երկրպագությունն է: Սակայն պետք չէ ի նկատի ունենալ նյութի երկրպագությունը, քանի որ խաչը միայն Քրիստոսի մահը չի խորհրդանշում: Հարությամբ էր, որ խաչը ստացավ հաղթական խորհուրդ եւ երկրպագվեց քրիստոնյաների կողմից»:

Տեր Եսային հավելեց, որ վաղը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո հոգեւորականները թափոր կկազմեն եկեղեցիների շուրջը` խաչը զարդարելով ռեհանով, որն արքայական ծաղիկ է համարվում:

Խոսելով ժողովրդի շրջանում տոնի հետ կապված որոշակի սնահավատություններից եւ ավանդույթներից` տեր Եսային փաստեց, որ պատմական իրողություններից ելնելով` ոչ միշտ է, որ եկեղեցին կարողացել է արմատավորել տոնի իրական խորհուրդը. «Խաչվերացը ոչ թե միայն ննջեցյալների, այլ բոլորիս տոնն է»:

Հասմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` Խաչվերացի հետ է կապված մի շարք տեղանունների առաջացումը. Օրինակ` Կարնո լեռնաշղթայի գագաթներից մեկը կոչվում է Խաչափայտ, կամ` Խաչկա վանքը, որն ուխտատեղի է անգամ Արեւմտյան Հայաստանի հավատացյալների համար: Տոնի ուխտատեղիներ են համարվում նաեւ Տաթեւի վանքը, Ծիծեռնավանքը եւ Սուրբ Գեւորգը: «Ընդունված է եղել մատաղ անել եւ ոսպով կերակրատեսակ` քյաշկա ու համեմով հաց բաժանել կարիքավորներին: Ինչ վերաբերում է Խաչվերացի տոնի ընդունված ուտեստին, նախկինում թոնիրների մեջ ուլ էին կախում` տակը դնելով ձավարով տարա: Թոնրի բերանը չէին բացում` ձավարը եփվում էր վրան կաթող ուլի յուղով»,-հավելեց ազգագրագետը:

Նա արձանագրեց, որ ներկայումս հավատացյալների ջրջանում ավելացել է եկեղեցական արարողություններին մասնակիցների թիվը. «Որոշակիորեն արմատավորվել է, որ գերեզմաններ գնում են տոնին հաջորդող երկուշաբթի օրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930