Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու դեպքում օգուտները շոշափելի են

Սեպտեմբեր 15,2012 13:23

Ռեկտորներ Շահեն Շահինյանն (ձախից) ու Պեեպ Լասսմաննը ստորագրեցին համագործակցության պայմանագիր:

Պրոֆեսորներ Լասսմաննը (աջից), Շահինյանն ու Նավոյանը զրուցում են բոլոնյան թեմայով:

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը աշխարհը դարձնում են շատ փոքր, եւ խիստ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ընդհանուր, գրեթե համատեղ գործունեության կանոններ, որոնք թույլ կտան մի երկրի մասնագիտական համակարգից օրգանապես անցնել մյուս երկրի նույն համակարգում գործունեությանը: Քանի որ կրթական համակարգը հիմքային նշանակություն ունի բոլոր երկրների համար, ապա Բոլոնիայի գործընթացը կոչված է ընդհանուր իրավական դաշտ ստեղծելու, միջազգային՝ ավելի զարգացած համարվող համագործակցության համար:

Օրերս Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, Մոսկվայի, Բաթումի, Թբիլիսիի կոնսերվատորիաներից հետո, հերթական համագործակցության պայմանագիր ստորագրեց Էստոնիայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Պեեպ Լասսմաննի հետ: Պաշտոնական արարողությունից հետո «Առավոտը» ներկա գտնվելով երկու բուհերի ռեկտորների եւ Երեւանի կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի զրույցին՝ նրանց համաձայնությամբ ներկայացնում է եռյակի միակարծիք տեսակետները:

Եվրոպան մշակութային կրթական տարածքի իմաստով մասնատված էր մինչեւ 1990-ականների կեսերը: Նույնիսկ նույն երկրում կարելի էր տեսնել կրթական սկզբունքային տարբերություններ: Բոլոնյան տարածքի ստեղծումը նպատակ ուներ լուծելու այս հիմնահարցը, գոնե Եվրոպայի շրջանակներում չաղավաղելով ու չքանդելով ոչ մի կրթական համակարգ: Դա հնարավորություն տվեց ստեղծելու համաեվրոպական կրթական միջավայր: Եթե ուզում ենք մաս կազմել այս միջավայրին, այսինքն՝ մեր կրթած կադրերի շարժունակությունը ապահովել Եվրոպայում, մեր դասախոս-գիտնականների գործունեության շրջանակներն ընդլայնել միջազգային ֆորմատով՝ այլընտրանք չունենք: Ինչ վերաբերում է ԽՍՀՄ երկրներին, նրանք նույնպես միանում են այս համակարգին: Դեռեւս ՌԴ նախագահ Մեդվեդեւի օրոք հրահանգվեց ռուսաստանյան բուհերի՝ Բոլոնիայի գործընթացին միանալու մասին: Սակայն պետք է նկատել, որ, ամենայն հավանականությամբ, ժամանակին Եվրոպան լավ ուսումնասիրել էր խորհրդային կրթական համակարգը: Բոլոնյան համակարգի մի շարք առանցքային օղակներում արտացոլվում են խորհրդային կրթական համակարգին հարազատ դրսեւորումներ: Ըստ էության, խորհրդային համակարգի ստանդարտացված ձեւաչափը ամբողջ հսկա պետության ֆորմատով նույն ընդհանուր կրթական տարածքի գաղափարի արտացոլանքն էր: Արվեստի եւ հատկապես երաժշտարվեստի բուհերի տեսանկյունից դրանք մեզ վնասներ բերել չեն կարող, իսկ օգուտներ՝ միանշանակ:

Երեւանի կոնսերվատորիայի լավագույն կադրերը վերջին շրջանում առանց դժվարությունների համլարում են Եվրոպայի ամենահեղինակավոր կատարողական կոլեկտիվներն ու երաժշտական հաստատությունները: Խնդիրն այն է, որ լավ երաժիշտը իրեն դրսեւորելու առաջին եւ հիմնական եղանակը իրագործում է բեմում, այսինքն՝ կատարողական արվեստի բարձր մակարդակը ընկալելի է ցանկացած կրթական մակարդակի ներսում եւ դրանից դուրս: Մեր կադրերը խնդիրներ են ունենում գերազանցապես փաստաթղթային ֆորմալ համաձայնությունների եւ այլնի առումով: Բոլոնյան համակարգին միանալու հիմնական շահն ու նպատակը նման երկրորդային բնույթի սահմանափակումները շրջանցելն է: Այս համակարգը ներդնելիս ոչ մի կերպ չի կարելի վնասել ձեւավորված կրթական լուրջ ավանդույթները: Խնդիրն այն է, որ բոլոնյան համակարգի պահանջների ներդրումը մեզանում երբեմն համարժեք ձեւով չի իրականացվում, այսինքն՝ կամ լավ չեն պատկերացնում ինչ են ուզում մեզանից, կամ չենք ընկալում առաջադրվող նպատակները, երբեմն էլ սխալ թարգմանության արդյունքում առաջացնում ենք գաղափարային ձեւախեղում: Մեր ոչ ճիշտ ընկալումն ու պատկերացումը հաճախ ձեւակերպում ենք նորմ ու պարտադրում ենք ինքներս մեզ: Այնինչ, բոլոնյան գործընթացը կարգավորող մի շարք ստանդարտացնող փաստաթղթեր, ընդհանուր սկզբունքների պահպանումով, բավարար եւ նույնիսկ մեծ ազատություններ են ընձեռում տարբեր կրթական տարածքներում գտնվող բուհերի համար: Ազատություն ասելով նկատի ունենք գործողությունների այն հնարավոր շրջանակը, որում ոչ ոք չի խանգարում պահպանել ազգային կրթական տարածքի առանձնահատկությունները, ավանդույթներն ու ինքնությանը նպաստող մշակութային բնութագրերը:

Եվրոպական բուհերում երաժշտական արվեստի բնագավառում մասնագիտությունների լայն ցանկ է կիրառվում (ջութակահար, դաշնակահար, դիրիժոր, վալթորնահար եւ այլն), մինչդեռ մեզանում պետության կողմից հաստատված մասնագիտությունների ցանկում մեկ մասնագիտություն կա՝ երաժշտական արվեստ: Այսինքն՝ բոլոր նեղ մասնագիտություններն իրենց մասնագիտական որակավորումը ստանալիս մեկտեղվում են մեկ՝ երաժշտական արվեստ մասնագիտության մեջ: Մինչդեռ երաժշտական արվեստը մասնագիտություն չէ, այլ արվեստի տեսակ, մի հսկա դաշտ ու ոլորտ: Բնականաբար, գործունեության այդ ոլորտը երբ բաժանում ենք մասնագիտությունների, ձեւավորվում է մի հսկա ցանկ: Այդ ցանկում ընդգրկվող մասնագիտությունները երբեմն կարող են միմյանց համեմատ այնպիսի տարբերություն ունենալ, ինչը կարող ենք գտնել երկու տարբեր բուհեր համեմատելիս, օրինակ՝ երաժշտագետին եթե համեմատենք դուդուկահարի հետ…

Բոլոնյան համակարգը դրական տեղաշարժեր կարող է առաջացնել, որովհետեւ այդ տարածքում գտնվող երաժշտական բուհերի, կատարողական կոլեկտիվների հասկանալի լինելու համար պարտավոր ենք ձեւակերպել մասնագիտությունների հստակ եւ որոշակված համակարգ, ինչն, ի դեպ, բացարձակ համահունչ է խորհրդայինին: Զարմանալիորեն մեկ մասնագիտության գաղափարը ձեւավորվել է 1990-ականներին եւ 2000-ականների սկզբին, թե ինչ պատճառով՝ արդեն կարեւոր չէ: Մեր առջեւ ծառացած խնդիրն այն է, որ հարցը լուծում է պահանջում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930