Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստան-Ադրբեջան-2012. Սոցիալական ցանցերում ադրբեջանցիների եւ հայերի շփումը վիրտուալ պատերազմի բնույթ է կրում

Սեպտեմբեր 15,2012 13:15

 Հարցազրույց մեդիա-փորձագետ, mediamazar.com վերլուծական կայքի ղեկավար Ազեր Նազարովի հետ

– Ադրբեջանում որքա՞ն լայն են օգտվում սոցիալական ցանցերից, դրանցից  որո՞նք են առավել պոպուլյար:

– Օրեցօր Ադրբեջանում ավելանում է սոցիալական ցանցերից օգտվողների թիվը: Ըստ վիճակագրության, Ադրբեջանում կա Facebook- ի ավելի քան 870 հազար օգտատեր: Ստացվում է, որ սա ամենապոպուլյար  ցանցն է: Յուրաքանչյուրն ազատ է ընտրելու սոցցանցի օգտագործման իր ուղղությունը:

Տարբեր ուղղությունների առկայության պատճառով են սոցցանցերի հանդեպ հետաքրքրություն դրսեւորում նաեւ կոմերցիոն կառույցները: Կարելի է ասել, որ հիմնական խոշոր ապրանքանիշերը Ադրբեջանի օգտատերերի համար իրենց ծառայությունները կազմակերպել են Facebook-ի միջոցով: Կուսակցություններն ու կառավարական կառույցները նույնպես ակտիվորեն միացել են այդ ծառայությանը: Ադրբեջանում Twitter-ն  այդքան պոպուլյար չէ, որքան Facebook-ը, սակայն հասնում է նրան: Twitter-ի ժողովրդականության համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական օգտատերերն ավելի մանրակրկիտ ուսումնասիրեն  նրա  հնարավորությունները: Այս սոցիալական ցանցն ինքն էլ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում, արդեն քննարկվում է Twitter-ի հարթակն ադրբեջաներեն թարգմանելու հարցը:

– Կարո՞ղ են քաղաքացիներն ազատ արտահայտվել սոցիալական ցանցերում, ինչպե՞ս են երկրի իշխանությունները վերաբերվում այդ երեւույթին, եւ ընդհանրապես, Ադրբեջանում որքա՞ն է զարգացած, այսպես կոչված, քաղաքացիական լրագրությունը:

– Իրականում, Ադրբեջանի սոցիալական ցանցերում ընդհանրապես չկա գրաքննության հասկացություն: Համենայնդեպս, դա օրենքով նախատեսված չէ:

Այդ իսկ պատճառով կարելի է պնդել, որ սոցցանցերում չկան արտահայտման եւ օգտագործման ազատության խոչընդոտներ:

 

Յուրաքանչյուրն ինչ-որ հարցերի քննարկման ընթացքում կարող է հայտնել իր կարծիքը:

Որպես օրինակ կարելի է բերել սոցիալական ցանցերում Հարկերի նախարարության, գործադիր մարմինների, ինչպես նաեւ պետության ղեկավարի հաշվեանունների առկայությունը: Եթե նույնիսկ կա համոզմունք, որ սոցցանցերում տարբեր կարծիքներ հայտնելու համար քաղաքացիներին ճնշում են ոստիկանությունը կամ իշխանությունները, ապա այդ հարցով որեւէ դատավարություն չի արձանագրվել: Ինչ վերաբերում է քաղաքացիական լրագրությանն, ապա հիմքեր չկան պնդելու, որ դրա համար Ադրբեջանում պայմաններ չկան, կամ՝ որ նման պայմանների ստեղծման համար խոչընդոտներ են ստեղծվում:

– Ադրբեջանի հասարակական կյանքում ի՞նչ դեր են խաղում սոցիալական ցանցերն ընտրությունների եւ այլ հասարակական նշանակալից գործընթացների ընթացքում:

– Ամերիկայում պրակտիկա անցած իմ գործընկերներից մեկն ինձ ասաց, որ այդ երկրի գրադարաններից մեկում նա հանդիպել է «Օբաման եւ նրա PR-ը նախագահական թեկնածության  ընթացքում» թեմայով մի քանի դիսերտացիաների: Խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրությունների ընթացքում Ադրբեջանի սոցիալական ցանցերում եւս քարոզչություն է տեղի ունենում: Դա իր տեղը գտավ նաեւ քաղաքապետի վերջին ընտրություններում: Դրա օրինակն է ընտրատարածքներում թեկնածուների հանդիպումների ինտերնետային քննարկումները: Հետաքրքրականն այն է, որ այդ քննարկումներն անցկացնում են ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանության ներկայացուցիչները, նաեւ անկուսակցականները: Բնական է, որ ընդդիմադիր եւ անկուսակցական թեկնածուները սոցցանցերում ավելի ակտիվ էին, քան իշխանության ներկայացուցիչները: Իրենց ակտիվությունը նրանք բացատրեցին այն բանով, որ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, նրանք բավարար եթերաժամ եւ տեղական մեդիայում ներկայանալու հնարավորություն չեն ունեցել:

– Արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները շփվում են սոցիալական ցանցերում, եւ ինչպե՞ս է հասարակությունը դրան վերաբերվում:

– Հակամարտության գոտում ապրող ժողովուրդների միջեւ սոցցանցային շփումներն  ավելի շատ վիրտուալ պատերազմի եւ պայքարի բնույթ են կրում: Ցավոք, խնդիրների տոլերանտ  քննարկման փոխարեն, փոխադարձ հայհոյանքներ են, վիրավորական արտահայտություններ, ինչն էլ ավելի է բորբոքում իրավիճակը: Սրա օրինակն են Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման հարցով երկու կողմերի հայտարարությունները: Դա նաեւ կարելի է տեսնել Youtub-ի տեսանյութերի առիթով գրված կարծիքներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930