Հասարակության մեջ սոցիալական ցանցերի տարածման, նրանց դերի եւ արտահայտման ազատությունների մասին են ստորեւ ներկայացված զույգ հարցազրույցները:
Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ Ադրբեջանում՝ «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոն
Սոցցանցերում արտահայտման ազատությունը նույնն է, ինչ որ ուրիշ ԶԼՄ-ներում
Կարդացեք նաև
Հարցազրույց Ինտերնյուս -Հայաստան կազմակերպության պրոդյուսեր Գեղամ Վարդանյանի հետ
– Հայաստանում որքա՞ն լայն են օգտվում սոցիալական ցանցերից, դրանցից որո՞նք են առավել պոպուլյար:
– Հայաստանում սոցիալական ցանցերը զարգանում են նույն արագությամբ, ինչ արագությամբ տարածվում է ինտերնետը: CRRS (Caucasus Research Resource Center) կազմակերպության տվյալներով՝ 2011թ. վերջին Հայաստանի բնակչության 44.7%-ը տանն ինտերնետ ունի: Համարյա մեկ տարի անց կարող ենք ասել, որ Հայաստանի բնակչության մոտ 50%-ը տանն ինտերնետ ունի:
Մեզ մոտ ամենատարածված սոցիալական ցանցը «Օդնոկլասնիկի»-ն է: Այս տարվա հունիսին ցանցի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում ունեն օրական մոտ 787.000 այցելու: Անցած 6 ամսվա ընթացքում օգտատերերի մոտ 5% աճ է գրանցել: «Օդնոկլասնիկի»-ն, իմ կարծիքով, շատ կարեւոր դեր է խաղացել Հայաստանի մարզերում ու գյուղերում ինտերնետի տարածման համար, քանի որ մարդիկ, ունենալով բարեկամներ արտասահմանում կամ արտագնա աշխատանքի գնացած հարազատ, իրար հետ շփվում են նշված միջոցներով: Շրջաններում ինտերնետն ասոցացվում է «Օդնոկլասնիկի»-ի եւ Սկայպի հետ:
Ֆեյսբուքը Հայաստանում երկրորդ ամենատարածված ցանցերից է: Ըստ www.socialbakers.com կայքի, Ֆեյսբուքում կա 325.220 հայաստանյան օգտատեր, որը Հայաստանի բնակչության 10.96%-ն է: Վերջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է օգտագործողների մոտ 15% աճ: Շատ դինամիկ զարգացող ցանց է:
Ֆեյսբուքը մի տեղ է, որտեղ շփվում են հասարակական-քաղաքական ակտիվ մարդիկ: «Օդնոկլասնիկի»-ն հայտնի է որպես մի հարթակ, որտեղ շփվում են դպրոցականները, արտերկրում հարազատներ ունեցողները, որտեղ ծանոթություններ են հաստատում: Հայաստանում տարածում ունեն նաեւ Վկոնտակտե, Twitter եւ Youtube ցանցերը:
– Կարո՞ղ են քաղաքացիներն ազատ արտահայտվել սոցիալական ցանցերում, ինչպե՞ս են իշխանությունները վերաբերվում դրան, եւ ընդհանրապես, Հայաստանում որքա՞ն է զարգացած, այսպես կոչված, քաղաքացիական լրագրությունը:
– Սոցիալական ցանցերում, անշուշտ, մարդն ազատ է ասելու այն, ինչ ցանկանում է, բայց դրա պատասխանն ինքը պետք է հետո կարողանա տալ: Ուստի, նույնիսկ սոցիալական ցանցերում չեն մոռանում, որ լրագրող, պաշտոնյա կամ բանկի աշխատակից են: Այսինքն՝ սոցցանցերում արտահայտման ազատությունը նույնն է, ինչ որ ուրիշ մեդիաներում:
Իմ կարծիքով՝ իշխանությունները չեն վերահսկում սոցիալական ցանցերը: Դա շատ դժվար է, սոցցանցը մշտապես փոփոխվող միջավայր է: Ենթադրում եմ, որ սոցիալական ցանցերն իշխանությունները կարող են օգտագործել մարդկանց տրամադրությունների ու սպասվող բողոքի ակցիաների մասին իմանալու համար: Բայց այդ գործիքը կարող է օգտագործել ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ընդդիմությունը:
Վերջին ընտրությունների ժամանակ Հայաստանում քաղաքացիական լրագրության մի քանի հարթակներ էին աշխատում: Մարդիկ հնարավորություն ունեին հրապարակել լուսանկարներ, հաղորդել անօրինականությունների կամ ընտրակեղծիքների մասին: Այդ ընթացքում գործող ամենահայտնի iditord.org կայքում գրանցվեցին հարյուրավոր հաղորդումներ: Դժվար է գնահատել այդ գործիքի ազդեցությունն ընտրությունների թափանցիկության վրա, սակայն, որպես գործիք, այն աշխատեց եւ քաղաքացիական թղթակիցները շատ լավ արեցին իրենց գործը:
Կան նաեւ ուրիշ գործիքներ հանրային լրագրողների համար՝ օրինակ Mynews-ը, իսկ «A1+», PanArmenian.net լրատվական կայքերն ունեն հատուկ բաժին քաղաքացիական լրագրողների համար: Ինչ վերաբերում է բլոգներին, ապա այստեղ վերջին ժամանակաշրջանում նկատվում է ակտիվության անկում. մարդիկ նախընտրում են ավելի ակտիվ լինել սոցիալական ցանցերում:
– Հայաստանի հասարակական կյանքում ի՞նչ դեր են խաղում սոցիալական ցանցերն ընտրությունների եւ այլ հասարակական նշանակալից գործընթացների ընթացքում:
– Քաղաքական գործիչները՝ նախարարներ, պատգամավորներ, վարչական շրջանի ղեկավարներ, Երեւանի քաղաքապետը գրանցվում են Ֆեյսբուքում: Աստիճանաբար այդ մարդկանց աշխատակազմերում առաջանում է նոր պաշտոն, որը պատասխանատու է սոցիալական ցանցերում տեղեկությունների տարածման համար:
2012թ. ընտրություններին մի շատ հետաքրքիր երեւույթ կար. ավանդական մեդիաներով քաղաքական մրցակից ուժերի շփումը շատ կոռեկտ ու հավասարակշռված էր: Սակայն Ֆեյսբուքում արտացոլվում էին պայքարող կուսակցությունների միջեւ եղած իրական խնդիրները: Հակառակորդները տարածում էին ծաղրանկարներ, կոլաժներ, պոստերներ: Մի օգտատեր կար Վարպետ Օնիկ անունով, որն իշխանությունների դեմ ծաղրանկարներ էր տարածում: Ի հակակշիռ բացվեց ուրիշ մի Վարպետի հաշիվ-անուն, որն ընդդիմության դեմ էր սեւ PR անում:
Քաղաքացիական ակտիվիստները սոցիալական ցանցերում ստեղծում են իրենց մեդիան՝ կարեւոր հասարակական իրադարձությունների ժամանակ կազմակերպվելու, ավանդական մեդիայի համար ինֆորմացիոն առիթներ ստեղծելու համար: Ֆեյսբուքում քաղաքական գործիչները, մեդիա ներկայացուցիչները, մտավորականներն ավելի շատ են, քան «Օդնոկլասնիկի» ցանցում: Ես կարծում եմ՝ մարդկանց հասարակական ակտիվությամբ է նաեւ պայմանավորված միգրացիան «Օդնոկլասնիկի»-ից դեպի Ֆեյսբուք:
– Արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները շփվում են սոցիալական ցանցերում, եւ ինչպե՞ս է հասարակությունը դրան վերաբերվում:
– Այո, իհարկե, շփվում են. տարբեր թեմաներով: Ես մի ընկեր ունեմ, ում հետ ֆուտբոլից ենք խոսում: Նայած, թե ով ինչ հետաքրքրություններ ունի:
Ռամիլ Սաֆարովի հետ կապված ֆեյսբուքահայերը սկսեցին շատ ակտիվ դատապարտել այդ որոշումը եւ շրջանառել կոլաժներ, պոստերներ: Ու այդ օրերին ինձ ու, կարծում եմ, շատերին, ով ադրբեջանցի ընկերներ ունի, հետաքրքրում էր, թե ինչպե՞ս իրենք կարձագանքեն: Եվ շատ հպարտ ու ուրախ եմ, որ նրանցից մի քանիսը շատ ադեկվատ գնահատեցին Ռամիլ Սաֆարովի վերադարձն եւ հերոսացումը:
Իսկ ընդհանուր առմամբ հայերի եւ ադրբեջանցիների ռեակցիան այդ դեպքի վերաբերյալ շատ կոշտ էր. եղան վեճեր սոցիալական ցանցերում, որոնք հետո վերածվեցին հաքերային հարձակումների երկու կողմից:
Այս դեպքն ինչպես իրականում է խոչընդոտներ ստեղծում ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, այդպես էլ բացասաբար է ազդում սոցիալական ցանցերում հայերի ու ադրբեջանցիների շփմանը:
«Առավոտ» օրաթերթ