«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելել Գյումրիում անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին՝ նրանց ապրելակերպի մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերարների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով։
Քաղաքի տարբեր ծայրամասերում սփռված տնակային ավաններում և կիսախարխույլ շենքերում պատսպարված ընտանիքներում տիրող թշվառությունը և այդ ամենի հանդեպ տիրող հանցավոր անտարբերությունը, անկեղծ ասած նույնիսկ մեզ՝«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար անսպասելի ու անհավատալի է թվում։ Տնակային ավանների աղքատ բնակիչների շրջանում մեծ թիվ է կազմում փլուզված ընտանիքները։ Ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի, և նույնիսկ երեխաներին գիշերօթիկ հաստատություններում տեղավորած կամ ծեր ծնողների խնամքին թողած ու արտերկրներ աշխատելու նպատակով մեկնած մայրերի։ Սակայն այս ամենից ամենասարսափելին այն է, որ հայ ընտանիքների ու երեխաների կործանվող ճակատագրերի նկատմամբ տիրում է համատարած անտաբերություն։ Տեսանութում ներկայացնում ենք, այսօր մեր այցելած տասնյակ ընտանիքներից միայն մի քանիսի մասին պատմող փոքրիկ դրվագներ՝ առանց մեկնաբանության, քանզի համոզված ենք, որ առանց այդ էլ պարզ երևում է անտեսված թշվառության տխուր պատկերը։