Ավարտվեց վարչական վերաքննիչ դատարանում Նիկոլ Բաղիրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության որոշման:
Այն է՝ անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 01.03.
2011 թվականի թիվ Մ-107/11-Փ որոշումը, որպես դրա հետեւանք պարտավորեցնել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությանը կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորին ՀՀ-ում փախստական ճանաչելու մասին: Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Առաքելյանի եւ դատավորներ Աշոտ Աբովյանի, Գալուստ Ղարիբյանի, որոշեց. Նիկոլ Իվանի Բաղիրյանի հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության՝ 01.03.2011 թվականի թիվ Մ-107/11-Փ որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես դրա հետեւանք բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել։
Կարդացեք նաև
Նշենք, որ հայցի հիմքում ընկած էր Նիկոլ Բաղիրյանի ՀՀ-ում ծնված լինելու հանգամանքը, սակայն հավելենք, որ նրա մայրը՝ Գեւանուշ Աթոյանը, որդու՝ Ռուբեն Բաղիրյանի հետ 1988 թվականի հուլիսի սկզբին եկել է Հայաստան՝ իր ծնողների մոտ։ 21.07.
1988թ. Հայաստանում ծնվել է Նիկոլ Բաղիրյանը։ Նրա ծնունդից 40 օր անց տեղեկանալով, որ Ադրբեջանում վիճակը հանգիստ է, Գեւանուշ Աթոյանը երկու որդու հետ ետ է գնացել իրենց մշտական բնակության վայրը՝ Ադրբեջան, սակայն 1988 թվականի նոյեմբեր ամսին Նիկոլն ընտանիքի հետ բռնի տեղահանվել է Ադրբեջանից եւ մյուս հայերի հետ բռնագաղթվել Հայաստան։ Նիկոլը 1988թ. նոյեմբերի 11-ին Հայաստան ժամանելուն պես, ինչպես բոլոր փախստականները, ընտանիքի մյուս անդամները նույնպես դիմել են պետական լիազոր մարմնին՝ ապաստան ստանալու խնդրանքով եւ հաշվառվել են։ Նրանց համար նույնպես սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ», 1991 թվականին տրվել է «Փախստականի ընտանիքի քարտ», 1995 թվականին «Փախստականի ընտանիքի վկայական», «Փախստականի վկայական» (տրվ. 16.10.2004թ.)։ Նիկոլ Բաղիրյանը 16.10.2004թ. ստացել է փախստականի վկայական, որը երկարացվել է մինչեւ 16.10.2009 թվականը: 12.05.
2006 թվականին ստացել է ճամփորդական փաստաթուղթ, որից հետո 17.07.2009թ. օրենքով սահմանված կարգով ստացել է նոր փախստականի ճամփորդական փաստաթուղթ, սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը 01.03.
2011թ. թիվ Մ–107/11-Փ որոշմամբ դադարեցրել է Նիկոլ Բաղիրյանի փախստականի կարգավիճակը: Փաստացի, այդ հանգամանքի բերումով ոչ «Փախստականների մասին» եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքները, ոչ էլ «Փախստականների կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան փախստականի կարգավիճակը որոշելու համար չեն սահմանում անձի ծննդյան վայրը, քանի որ փախստական է համարվում այն անձը, ով բռնագաղթվել է, ոչ թե այն անձը, ով ինչ-որ ժամանակ ծնվել է այն երկրի տարածքում, որ բռնի տեղահանել կամ հետապնդել է մարդկանց։ Նշենք նաեւ, որ 2012 թվականի ապրիլի 2-ին ՀՀ վարչական դատարանը դռնբաց դատական նիստում քննելով վարչական գործն ըստ հայցի Նիկոլ Իվանի Բաղիրյանի՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության՝ 01.03.
2011թ. թիվ Մ–107/11-Փ որոշումն անվավեր ճանաչելու եւ որպես դրա հետեւանք բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վճռեց այն մերժել:
Ըստ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանի, վարչական դատարանն ընդամենը տառացիորեն արտատպել է պատասխանողի որոշումը, քանի որ նշված որոշման մեջ հստակ նշված է, որ հայցվորը ծնվել է Հայաստանում՝ Ադրբեջանից բռնագաղթելուց հետո, այսինքն՝ փախուստի փաստը առկա չէ, իսկ սույն գործով պատասխանողը թե որոշմամբ, թե հայցադիմումի պատասխանով եւ թե դատաքննության ժամանակ ընդունեց, որ հայցվորը ծնվել է Հայաստանում մինչեւ բռնագաղթելը: Նշված փաստը ապացուցվում էր գործի նյութերով, որոնք, սակայն, դատարանը չի հետազոտել:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ