Իսկ մասնագետները վստահեցնում են՝ ռոտավիրուսային պատվաստանյութը բացարձակ անվտանգ է եւ կողմնակի ազդեցություն չունի:
ԿԿԽ եւ հնգավալենտ պատվաստումների հետեւանքով առաջացած մի քանի ծանր դեպքերն ու մեկ երեխայի մահացության դեպքը հասարակությունը դեռ չմարսած՝ Հայաստան նոր պատվաստանյութ է ներմուծվում, եւ նոր՝ ռոտավիրուսային պատվաստման գործընթաց է սկսվում: Արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ Հայաստանում կսկսվեն պլանային պատվաստումներ ռոտավիրուսային հիվանդության դեմ: Այս հիվանդությունը նորածինների եւ երեխաների շրջանում ծանր փորլուծային հիվանդությունների ամենատարածված պատճառն է աշխարհում:
Մասնագետների վստահեցմամբ՝ պատվաստումը կատարվելու է 2 դեղաչափով. առաջինը՝ 6 շաբաթական երեխաներին, 2-րդը՝ 12 շաբաթականներին:
Մեզ հետ զրույցում որոշ ծնողներ արդեն տարակուսանք են հայտնել եւ չեն կողմնորոշվում՝ պատվաստե՞լ իրենց երեխաներին, թե՞ ոչ. «Աչքներիս առաջ նախորդ մասսայական պատվաստանյութերի վատ հետեւանքներն են, այս նորի մասին էլ ոչ մի բան չգիտենք»:
«Առավոտի» հետ զրույցում առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը վստահեցրեց, որ ռոտավիրուսային պատվաստանյութն անվտանգ է, եւ հորդորեց ծնողներին խուճապի չմատնվել: Տիկին Սարիբեկյանի խոսքերով՝ «Նախ՝ պատվաստումը շատ հեշտ է կատարվում եւ հեշտ յուրացվում, չունի հակացուցումներ, չի տալիս բարդություններ, ներարկման ճանապարհն էլ շատ հեշտ է, պարզապես երեխայի քթանցքի մեջ են կաթեցնում: Որակն էլ շատ լավն է՝ բելգիական արտադրության է, եւ վերջապես՝ առնվազն 7 տարի երեխաներին պաշտպանում է հիվանդությունից»:
Արդյոք Հայաստանի համար խիստ արդիակա՞ն էր եւս մեկ պատվաստում մտցնել, հատկապես, որ մեր հասարակությունն ընդհանրապես պատվաստումներն այնքան էլ «գրկաբաց» չի ընդունում՝ մեր այս հարցին էլ տիկին Սարիբեկյանն այսպես պատասխանեց. «Ես դրա մասին շատ եմ մտածել: Երկու ասպեկտով նայենք դրան՝ երեխայի ու ծնողի, եւ ընդհանուր՝ հանրության իմունիտետը բարձրացնելու եւ հիվանդացությունը նվազեցնելու տեսանկյունից: Ամբողջ աշխարհում երեխաների լուծերի 40%-ի պատճառը հենց ռոտավիրուսն է: Մեր մոնիտորինգն էլ նույնը ցույց տվեց: Այսինքն՝ 1000 երեխայի մոտ եթե լուծ կա, ապա 4-ի մոտ ռոտավիրուս վարակն է: Սա միջին վիճակագրություն է, եւ եթե լուծերի մոտ կեսի պատճառը այդ վիրուսն է, ապա ինչո՞ւ պատվաստում չանել»: Բժշկուհու խոսքերով՝ յուրաքանչյուր 0-5 տարեկան երեխաներ անպայման գոնե տարին մեկ անգամ փորլուծություն են ունենում, իսկ դա կարող է ուղեկցվել լուրջ հետեւանքներով՝ ընդհուպ միչեւ մահ, չնայած մեզ մոտ նման մեկ դեպք է եղել. «1000 կենդանի ծնված երեխաներից մեկը մահանում է լուծի պատճառով, պայմանական թվերով ասած՝ 40 հազար երեխաներից 40 երեխա կարող է մահանալ լուծից, որի մոտ կեսը կարող է լինել ռոտավիրուսային հիվանդությունը: Ուրեմն պետք է փրկել այդ 40 երեխայի կյանքը»:
Ըստ ձեզ՝ վստահո՞ւմ է արդյոք հասարակությունը պատվաստումներին եւ փոխվե՞լ է վերաբերմունքը, տիկին Սարիբեկյանն ասաց. «Հասարակության վերաբերմունքը փոխվել է, բայց ես չեմ ասում, որ այլեւս չկան այնպիսի մարդիկ, որոնք շարունակում են հակազդել, դիմադրել: Աշխարհով մեկ կա այս խնդիրը: Մի շարժում է, որ հակաքարոզ են տանում, սա միայն Հայաստանի պրոբլեմը չէ: Աղանդի պես մի բան է դարձել, ասում են՝ օտար մարմին, օտար սպիտակուց չներարկել, մեզ զոմբիացնում են եւ այլն, ինչպես եղավ մի ժամանակ, որ իբր թե չիպեր են դնում մեզ վրա եւ այլն: Ցավոք, հաճախ դրան միանում են այն մարդիկ, որոնց երեխաները պատվաստումներից հետո խնդիրներ են ունեցել: Ցանկացած նոր պատվաստանյութ մեր հասարակությունը դժվար է ընդունում»:
Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքերով էլ՝ պատվաստանյութը տրամադրում է ԳԱՎԻ պատվաստանյութերի եւ իմունիզացիայի գլոբալ դաշինքը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, եւ մինչեւ 2016 թվականը կհամաֆինանսավորի նաեւ մեր կառավարությունը: Իսկ 2016 թվականից սկսած՝ պատվաստանյութերի ձեռք բերման ծախսերը կհոգա միայն մեր պետությունը: Այս տարվա խմբաքանակը գնելու համար 300 հազար դոլար վճարելու է ԳԱՎԻ դաշինքը, իսկ 67 հազար դոլարը՝ Հայաստանի կառավարությունը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ