Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես զարմանում եմ այն 97 պատգամավորների վրա, որոնք կոճակ սեղմեցին»

Սեպտեմբեր 15,2012 12:39

ՀԱԿ անդամն «ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին»  պայմանագիրը «ձեւական» է համարում

Վերջին քառօրյայում ՀՀ ԱԺ-ն վավերացրեց 2011-ի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, ինչի մասին համաձայնություն էր ձեռք բերվել դեռ հուլիս ամսին՝ ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Պայմանագրին «կողմ» քվեարկեցին 97, «դեմ»՝ 2 եւ «ձեռնպահ» 7 պատգամավորներ: Խորհրդարանում պայմանագրի հիմնական ընդդիմախոսը նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էր: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ մեկ այլ անդամ՝ «Ժողովրդի իշխանություն» կուսակցության համակարգող Զոյա Թադեւոսյանն «աբսուրդ» համարեց այդ պայմանագրի վավերացումը. «Ես զարմանում եմ այն 97 պատգամավորների վրա, որոնք կոճակ սեղմեցին՝ առանց գիտակցելու, որ իրենց սեղմած կոճակով վավերացվում է մի փաստաթուղթ, որը կենսունակ պետք է լինի, պետք է իրացվի եւ այս երկրի համար տնտեսական օգուտներ բերի»: Հղում անելով եվրոպական երկրների զարգացման փորձին՝ մեր զրուցակիցը կարծիք է հայտնում, որ այդ պայմանագիրն օգուտ կարող է բերել միայն ընդհանուր սահման ունեցող երկրներին: Մինչդեռ փաստաթուղթը ստորագրած երկրների հետ ՀՀ-ն ընդհանուր սահման չունի: ԱՊՀ անդամ մեր երկու անմիջական հարեւանները՝ Վրաստանը եւ Ադրբեջանը, այդ փաստաթուղթը չեն ստորագրել: «Նրանք չեն ստորագրել ոչ թե նրա համար, որ այս պահին չեն արժեւորել այդ փաստաթղթի նշանակությունը, այլ, ես կարծում եմ, մեր հարեւանները քաղաքական հարթությունում գտնվող պայմանավորվածություններ ունեն»,- ասում է Զոյա Թադեւոսյանը՝ առավել ծավալուն խոսակցության թեմա համարելով այն, թե ինչո՞ւ Ադրբեջանը, որին այս պահին առավել շահավետ էր վավերացնել այդ պայմանագիրը, հրաժարվեց դա անել:

«Ներկայումս, փաստորեն, Ադրբեջան-Վրաստան հարաբերություններն ավելի խորն են, քան այս երկու երկրների տնտեսական հարաբերությունները ԱՊՀ մնացյալ երկրների հետ: Իսկ Հայաստանն այս հարաբերությունների քարտեզում աուդսայդեր է: Բայց Հայաստանը վավերացնում է մի փաստաթուղթ, որպեսզի զրոյական մաքսատուրքերի արդյունքում ունենա տնտեսական օգուտներ: Եթե մեր ապրանքները Վրաստանի տարածքով մտնում են ՌԴ, Ուկրաինա կամ ԱՊՀ այլ երկրներ, ապա Վրաստանի կողմից հանդիպում են մաքսային արգելքների: Դա կարող է լինել միջտրանզիտային մաքսատուրք, ինչն այժմ գործում է: Այդ դեպքում՝ ի՞նչ շահ ունի Հայաստանը: Ոչ մի: Կնշանակի այդ զրոյական մաքսատուրքերը Հայաստանի համար չեն գործում»,- ասաց Զոյա Թադեւոսյանը: Ի հեճուկս բոլոր այն գործիչների, ովքեր այդ պայմանագիրը պրոպագանդում են քաղաքական տեսանկյունից, մեր զրուցակիցը հայտարարում է, որ այն զուտ տնտեսական փաստաթուղթ է: «Այո, քաղաքական ենթատեքստ ունի: Իհարկե, կուզեն, որ երկրները միավորվեն միասնական տնտեսական քաղաքականություն իրականացնելու շուրջ, որը հետագայում կարող է եւ քաղաքական համագործակցության վերածվել: Բայց Եվրոպայի փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ տնտեսական կապերը խորանում են եվրոպական երկրների միջեւ, միեւնույն է՝ քաղաքական կառույց չի առաջանում»,- հակադարձում է մեր զրուցակիցը՝ հիշեցնելով Եվրոպական միասնական սահմանադրության ձախողումը:

Անգամ եթե ընդհանուր սահմանի արգելքը հրաշքով վերանա, Զոյա Թադեւոսյանը դարձյալ այս պայմանագրից օգուտներ չի ակնկալում. «Այդ երկրները պետք է ունենան տնտեսական զարգացման այնպիսի մակարդակ, արդյունաբերության զարգացումն այն աստիճանի խորացված պետք է լինի, որ ոչ թե նույնատիպ, այլ տարբեր ապրանքներ փոխանակեն միմյանց հետ: Դա է առեւտրի օգուտն ու էֆեկտը: Մինչդեռ այդ պայմանագրի շրջանակներում համագործակցող երկրները բոլորն էլ հանքահումքային բնական ռեսուրսներ արտահանող երկրներ են: Ի՞նչ է տալու այդ համաձայնագիրը տվյալ երկրներին»: Ելնելով այս ամենից՝ մեր զրուցակիցը սա որակում է փորձ՝ 1992 թվականին ստեղծված եւ միայն անկում ապրող ԱՊՀ տնտեսական համագործակցության վերակենդանացման, ու հավելում. «Այդ երկրների կառավարությունները նախեւառաջ պետք է գիտակցեն, որ համագործակցության համար տվյալ երկրների տնտեսական զարգացման մակարդակը պետք է բարձրացնել: Այլապես ոչ համագործակցություն կկայանա, ոչ էլ նման համաձայնագրերն արդյունք կտան: Սա ձեւական համաձայնագիր է, որը չի գործելու, եւ ոչ միայն Հայաստանի համար, որն ընդհանուր սահման չունի, այլ նաեւ մնացյալ երկրների համար»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930