Նավթի առեւտուրը, որ մինչեւ այժմ Բաքվի հարստության գլխավոր աղբյուրն է եղել, այժմ կատարյալ տագնապի մեջ է գտնվում, եւ այդ ահա երկու տարուց ավելի է: Այո, երկու տարվա ընթացքում հանքատերերը եւ գործարանատերերը մեծ վնաս կրեցին, չնայելով այն հանգամանքի վրա, որ բնությունը առատորեն դուրս է հոսում նավթը, որի համար հանքատերերը տեղ անգամ չեն գտնում պահելու եւ շատերը նորից ստիպված են հոսանքի առաջն առնելու համար կապել իրանց նավթահորերի բերանը: Հավատացնում են, թե, եթե մեծ պահանջ լինի, հանքատերերը կարող են օրական կես միլիոնի չափ սեւ նավթ բաց թողնել իրենց հանքերից, բայց տարաբախտաբար օրական պահանջը հազիվ թե մի հարյուր հազարի է հասնում, եւ սրա պատճառն այն է, որ գործարաններից շատերը դադարեցրել են իրանց գործունեությունը: Բայց այնուամենայնիվ Ռուսաստան գնացած ֆոտոգենի քանակությունը համեմատաբար տարեցտարի ավելանում է: Սրա պատճառն այն է, որ ազատ կապիտալ ունեցող գործարանատերերը, ուշադրություն չդարձնելով կրիզիսի վրա, տարեցտարի իրենց գործունեության շրջանը ընդարձակում են, մինչդեռ մանր եւ կապիտալ չունեցող գործարանատերերի թիվը օրից օր պակասում է, եւ գուցե մի ժամանակ սրանք բոլորովին կուլ գնան:
Մեծ գործարանատերն ունի սեփական նավեր, որոնցով իր ժամանակին, առանց ուրիշի դիմելու, հասցնում է շատ էժան գնով Ռուսաստան: Աչքի առաջ ունենալով այդ հանգամանքները, շատ հեշտությամբ կարելի է գուշակել մանր գործարանատերերի ապագան, մանավանդ տեղացիների, որոնց սպասում է կատարյալ սնանկություն: Տեղացիներից նույնիսկ մեծ գործարանատերերի ապագան եւս աննախանձելի կլինի, եթե նրանք իրենց գործերը շարունակեն այնպիսի անհեռատեսությամբ, ինչպես մինչեւ օրս: Այս փաստը հաստատելու համար բավական է մի օրինակ բերել այստեղ. մի շվեդացի կապիտալիստ Նոբել անունով, որ շատ ժամանակ չէ սկսել Բաքվում պարապել նավթային առեւտրով, 1878 թվին հանքերից մինչեւ գործարանները նավթ կրող սայլապանների հարստահարության առաջն առնելու համար ամենաառաջինը եղավ նավթախողովակ շինողներից, եւ երկար ժամանակ նա մեծ օգուտներ քաղեց այդ բանից՝ օրական միմիայն նավթ կրելու համար: Քսան տարվա ընթացքում տեղացիներից մեկը չգտնվեցավ, որ այդ բանը մտածեր, եւ այդ շատ հասկանալի է, որովհետեւ նրանք առեւտրի մեջ ամենավախկոտներն են, որոնք ոչ մի բանում չեն կարողանում ինիցիատոր դառնալ: Սրանց համար եփած պիտի լինի, որ ուտեն, որովհետեւ իրենք եփելու խելք չունեն: Աշխարհի մյուս կողմից գալիս է մի որեւիցե Նոբել կամ ուրիշը եւ օրինակ դառնում տեղացիների համար: Բայց այդ բավական չէ. հիշյալ Նոբելը այժմ ունի այնպիսի նավեր (վՈսՌՉվօպ րցՊՈ), որոնցով ֆոտոգենը ուղարկում է Ռուսաստան առանց տակառների, իսկ տակառները շինել է տալիս Ռուսաստանում, որտեղ համեմատաբար նրան էժան են նստում եւ, բացի այդ, տակառներում տանելը մեծ վնաս է, մանավանդ, ամառ ժամանակ, երբ արեգակի տաքությունից ֆոտոգենը տակառներից Ռուսաստան տանելու ժամանակ դուրս է հոսում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
1880թ.