Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները չեն վերահրապարակել Քեյթ Միդլթոնի լուսանկարները
Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքը նախատեսում է դատական գործ հարուցել ֆրանսիական մի ամսագրի դեմ, որտեղ հրապարակվել է արքայազն Ուիլյամի տիկնոջ՝ Քեյթ Միդլթոնի լուսանկարները, որոնց վրա վերջինս պատկերված է՝ Ֆրանսիայի մասնավոր հանգստյան տներից մեկում արևի տակ մերկ կրծքով պառկած:
Լուսանկարները հրապարակած «Closer» ամսագիրը միաժամանակ հրապարակել է մի հոդված, որտեղ գովասանքի խոսքեր է հղել հանգիստը միասին անցկացնող զույգին, որոնք այժմ պաշտոնապես կրում են «Քեմբրիջի դուքս և դքսուհի» տիտղոսը:
Արքայական ընտանիքի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, արքայազն Ուիլյամին ու Քեյթ Միդլթոնին «տխրեցրել է իրենց անհատական կյանքի գաղտնիության անհեթեթ և միանգամայն չարդարացված խախտումը»:
Ամսագրի գլխավոր խմբագիր Լորանս Փիոն սակայն պնդում է, որ լուսանկարների հրապարակման կապակցությամբ արձագանքը չափազանցված է:
Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցները չեն վերահրապարակել Քեյթ Միդլթոնի լուսանկարները՝ չնայած նույն լրատվամիջոցներն անցյալ ամիս հրապարակել են արքայազն Ուիլյամի եղբայր՝ արքայազն Հենրիի կողմից Լաս Վեգաս կատարված շրջագայության ընթացքում վերջինիս հետ խնջույքներին մասնակցած անձանցից մեկի կողմից արված մերկ նկարները:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»