ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում կիսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկը, որ անհրաժեշտ է խնայողություններ անել: Ավելին՝ նա գտնում է, որ ԱԺ-ն շատ անմաստ այլ ծախսեր էլ է անում, որոնք նույնպես պետք է կրճատել: Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «Ինչքան հիշում եմ՝ գոնե վերջին 5-6 տարվա ընթացքում այդ հարցը, որ պետք է ավելի էժանագին մեքենաներ գնել՝ Toyota Camry-ի փոխարեն, հա դնում են: Ոչ միայն ԱԺ-ի մեքենաների, այլ ընդհանրապես պետական համակարգի մեքենաների մասին են ասում: Իրենք՝ իշխանությունները, միշտ բերում են հակառակ փաստարկը, որ ավելի լավ է թանկ գնենք, բայց սպասարկումը ավելի էժան լինի: Տեխնիկական հարցերն էին բերում: Հիմա ինձ դժվար է պատասխանել, թե որ մեքենան է լավ, բայց այն, որ պետական համակարգը չպետք է մեր բյուջեի հաշվի ուռճացված ծախսեր անի, վայելի, շքեղություններ անի՝ դա միանշանակ է: Խոսքը վերաբերում է ե՛ւ մեքենաներին, ե՛ւ աշխատասենյակների կահավորմանը, ե՛ւ անիմաստ գործուղումներին: Պետք է խիստ խնայողություն անել: Բոլոր քաղաքակիրթ եվրոպական երկրները ճգնաժամի տարիներին գնում են խիստ էկոնոմիայի ռեժիմով աշխատելուն: Իհարկե, այդպես պետք է անել: Ես էլ եմ տեսնում անթույլատրելի շքեղություններ»:
Մենք ճշտեցինք՝ ո՞րն է ձեզ համար անթույլատրելի շքեղություն, որ թույլ է տալիս իշխանությունը՝ պարոն Հովհանիսյանը պատասխանեց. «Անիմաստ գործուղումները շատ են: Պետք է նայել՝ ինչի են գնում, ուր են գնում»:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երբ Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ պետք է գոտիները սեղմել, խնայողություններ անել, ավելի էժանագին մեքենաներ գնել խմբակցությունների համար՝ մեկնաբանել էր, որ ՀԱԿ-ը «քյասիբի հոգեբանություն ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ