Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացավ Դուդուկի համահայկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը:
Պարոն Զաքարյանը նշեց, որ Դուդուկի այս փառատոնն իր տեսակի մեջ բացառիկ է: Սեպտեմբերի 14-18-ն անցկացվող փառատոնն առաջին անգամ Հայրենիքում համախմբել է Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծագործող հայ դուդուկահարներին, որոնք Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում հանդես կգան համերգային ծրագրերով:
Այս աննախադեպ մշակութային իրադարձությանն իր ուրախության եւ շնորհավորանքի խոսքն էր հղել նաեւ աշխարհառչակ դուդուկահար, մաեստրո Ջիվան Գասպարյանը, ում խոսքի տեսագրությունը ցուցադրվեց հանդիսատեսին:
Կարդացեք նաև
Այնուհետեւ ցուցադրվեց վավերագրական ֆիլմ հայկական ծիրանափողի մասին: Ժողովրդական փողային նվագարանների ընտանիքում դուդուկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Դուդուկը հայ մենակատարի ձեռքին լավագույնս խոսում ու երգում է հայերեն: Իսկ հայրենի հողի վրա հայ վարպետ դուդուկահարներն իրենց պրոֆեսիոնալիզմով բարձրացրել են նվագարանի գեղարվեսական արժեքն ու ստեղծել կայուն ավանդույթներ: Հայկական դուդուկը համաշխարհային բեմ է բարձրացել և համահայկական խորհրդանիշից վերածվել համամարդկայինի:
Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ Սփյուռքից ժամանած հայազգի դուդուկահարների կատարմամբ: Կատարումներով հանդես եկան նաեւ հայաստանյան երաժիշտներ:
Սփյուռքի նախարարության հաղորդագրություն