Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ էլ լինի, ես կմնամ գործիքավորող եւ երգահան». ԴերՀովա

Սեպտեմբեր 14,2012 19:32

Երգահան, գործիքավորող ԴերՀովան  (Հարություն Տեր-Հովակիմյան) նոր կերպարով եւ նոր՝ երգչի դերով վերջերս զարմացրեց հայ հանդիսատեսին: Հասմիկ Կարապետյանի եւ նրա «Անհնարը» զուգերգի տեսահոլովակը միանգամից արժանացավ դրական արձագանքի: Մենք էլ որոշեցինք առիթը բաց չթողնել ու անդրադառնալ հայկական շոուբիզնեսի նորարաներից մեկին՝ ԴերՀովային: Թե որոնք են տեղական շոուբիզնեսի թերություններն ու առավելությունները, արդյո՞ք ԴերՀովայի սիրտը այլեւս զբաղված է. հարցերի պատասխանը ներքեւում:

 

Շնորհավորում եմ նոր երգի և տեսահոլովակի կապակցությամբ:

 Շնորհակալություն:

Հասմիկ Կարապետյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ անտարբեր տոնով  եք նրան համագործակցության առաջարկ արել, նա էլ լուրջ չի ընդունել: Իսկապե՞ս այդպես է եղել:

Հասմիկ Կարապետյանը կայացած երգչուհի է մեր երկրում: Մի քիչ վախ կար, քանի որ արդեն կայացած երգչուհու հետ պետք է հանդես գայի և ես էլ պետք է առաջին անգամ երգեի: Մի քիչ անհանգստանում էի: Ցանկանում էի Հասմիկի հետ այդ երգը կատարել, որովհետեւ նա իմ մտերիմ ընկերներից է: Ուզում էի անել մի երգ, որը իմ սիրած ոճով կլիներ, նպատակ չունեի այդ երգից հիթ դարձնել՝ չնայած ես միշտ նպատակ եմ դնում, որ իմ ստեղծած երգերը հիթ դառնան: Ոճի առումով ուզում էի էլեկտրոնայինը խառնել մեկ այլ ոճի հետ, ինչ-որ նոր բան ստանալ: Իմ ու Հասմիկի երաժշտական ճաշակներն էլ նույնն էին:

 

Գիտեմ, որ Անկախության օրը երգչուհի Էմմիի հետ եք պատրաստվում հանդես գալ բեմում: Կրկին դուե՞տ է լինելու: Եվ ընդհանրապես կարո՞ղ է արդեն Ձեզ որպես երգիչ տեսնենք:

 Դեռ չգիտեմ՝ Էմմիի հետ ելույթը կլինի՞, թե՝ ոչ, ինձանից չէ կախված: Բայց ինչ էլ լինի, ես առաջին հերթին կմնամ գործիքավորող եւ երգահան, երբեք չեմ թողնի այդ գործերը:  Ինչ երգ էլ երգեմ, առաջինը պիտի ինձ դուր գա, դրանք ոչ կոմերցիոն են լինելու:

 Կարծում եք` մենք պատրա՞ստ ենք ոչ կոմերցիոն երաժշտությունն ընկալելու, ընդունելու:

 Մենք անընդհատ ասում ենք, որ մեր ժողովուրդը պահանջում է 6/8-ը, ռաբիս եւ այլն, բայց նման բան չկա, եթե դու ամեն ինչ ճաշակով անես, տեսահոլովակն էլ ճիշտ նկարես, ես կարծում եմ՝ մարդիկ կլսեն էտ երգը: Ի՞նչ անել, միշտ հարցնում են, շատերն էլ ասում են՝ մենք նորություն արեցինք, բայց նայում ես, ոչ մի նորություն չկա, մի ձայն են ավելացրել մեջը: Ես որ իմ երգերին եմ նայում, տեսնում եմ, դրանք շատ են տարբերվում իրարից, կարող ա նույն ձեռագիրը լինի, բայց ես չեմ համեմատի ասենք՝ «Քամի փչիր» երգի  գործիքավորումը իմ՝ Սոֆի Մխեյանի կամ Դավոյի համար արած երգերի գործիքավորումների հետ:

 

Իսկ ի՞նչ նոր երգեր, գործեր ունեք:

Էմմիի «Այո» երգի տեսահոլովակն ենք պատրաստում,  Էլիզաբեթ Ադիկյանի «Դու նորից կապրես» երգն է, «Մանկական Եվրատեսիլի» համար եմ երգ պատրաստել՝ Վահագն Գրիգորյանի «Home, sweet home» երգն է:

 

5. Կա կարծիք, որ Դուք Հայաստանում առավել հայտնի դարձաք Սիրուշոյի «Քելեքելե» երգի եվրատեսիլյան բումից հետո, որի երաժշտությունը դուք էիք գրել: Կուզեի Ձեզնից իմանալ՝ հայաստանյան շոուբիզնեսում ինչպե՞ս են հայտնի դառնում:

 Ճանաչված լինելը մեկ այլ բան է, սիրված, գնահատված լինելը՝ այլ: Հիմա ով ուզենա երգ թողարկել, ինքը կերեւա էկրանին, հայտնի կդառնա, բայց հետո ի՞նչ: Դա մեր ժողովրդի դուրը գալի՞ս է: Հիմա ճանաչված լինելը հեշտ է, սիրված լինելն է բարդ: Պետք է անընդհատ աշխատես, զարգացում պիտի լինի քո արվեստի մեջ: Հիմա մեր բոլոր երգիչները իրենց արվեստագետ են համարում, բայց դրանց մեջ ի՞նչն է արվեստ, ես չեմ հասկանում: Եթե երգիչը ինքը չի ստեղծում իր երգը, ոչինչ չի անում, միայն կատարում է երգը, ի՞նչ արվեստագետ կարող է լինել: Եթե իրենք նորություն չեն ստեղծում, իրենք արվեստագետ չեն: Մարդիկ գալիս  են ինձ մոտ, ասում են՝ էս ինչ մարդու հիթի նման երգ եմ ուզում, էտ մարդը հաստատ իմ աչքից ընկնում է:

10 տարի Է՝ աշխատում եք հայկական շոուբիզնեսում. Կթվե՞ք 5 առավելություն, որ կա այստեղ:

  Շուկա մտնելը շատ հեշտ է: Արտասահմանում երբեք չեմ փորձել ազգային գործիքներ մտցնել իմ ստեղծագործությունների մեջ, բայց այստեղ փորձել եմ… առավելությունների մասին խոսելը  ինձ համար բարդ է, ես թերություններ եմ ավելի շատ նկատել:

Լավ, որո՞նք են այն թերությունները, որոնք այս 10 տարիների ընթացքում այդպես էլ չշտկվեցին:

 Ասում են, որ ինչ-որ տեսահոլովակ հեռուստատեսությամբ ցույց տալու համար պիտի գումար տաս… Ես նման բաների սովոր չեմ, կյանքումս նման բան չէի լսել, մինչեւ Հայաստան եկա: Դրսում «գրաքննություն» կա, կառավարությունը օրենքներ է մշակում, թե որ տեսահոլովակը եթեր հեռարձակեն, մեզ մոտ գումարը տալիս ես, տեսահոլովակդ ցույց են տալիս, մեր Կառավարությունն էլ պիտի զբաղվի էտ հարցով:

 

10 տարի առաջ եկաք Հայաստան՝ մեկընդմիշտ մնալու նպատակով: Գիտեմ, չեք փոշմանելՄի առիթով էլ ասել եք, որ շատ բան այստեղ սովորեցիք: Ի՞նչ եւ ումի՞ց:

 Իմ կոլեգաներից: Կանադայում, որտեղ ես ապրել եմ, մարդիկ երաժշտական կրթություն չունեն, բայց զբաղվում են երաժշտությունով ու լավ գործեր են անում: Էստեղ շատերը երաժշտական կրթություն ունեն, հնարավոր է նույնիսկ  երաժշտությունով էլ չզբաղվեն, բայց նրանցից  շատ բաներ կան սովորելու, ես շատ եմ հետեւել նրանց խորհրդին :  Իմ բնավորության մեջ շատ բաներ են փոխվել՝ համբերությունը, ուժեղ եմ դարձել, բայց ոչ թե մարդկանց կոպտելով, վիրավորելով: Ինձ հաճախ են ասում, որ ես պիտի մի քիչ չոր, կոպիտ լինեմ, որ մարդիկ ինձ հարգեն, բայց մեկ է, ես այդպիսին չեմ կարող լինել, ես այդպիսի դաստիարակություն չեմ ստացել իմ ընտանիքում:

Որո՞նք են սփյուռքահայի դժվարությունները Հայաստանում:

 Ինչ դժվարություն սփյուռքահայերը որ ունեն, տեղացի հայերն էլ ունեն: Ես բացի երաժիշտ լինելուց, նաեւ բիզնեսմեն եմ` ռեստորանի բաժնետեր, էս գործում շատ դժվարություններ եմ ունեցել, բայց էս խնդիրները տեղացի հայերն էլ են ունենում: Երեւի սփյուռքահայեր կան, որ սպասում են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը պիտի ուրիշ ձեւ լինի, բայց չէ, էտպես արդար չէ:

Ի՞նչն է ստիպում սփյուռքից եկած հային մնալ այստեղչվերադառնալ առավել զարգացած եւ հարմարավետ երկիրը:

 Սփյուռքահայերը շատ ռոմանտիկ են վերաբերում այս հարցին: Էն կարոտը պապերիս, տատերիս, որ չկարողացան նրանք ի կատար ածել, ես եմ կատարում ու շատ-շատ ուրախ եմ, որ իմ բարեկամները՝ Կանադայի եւ ուրիշ երկրների, գնահատում են իմ տասը տարի առաջվա քայլը:

 Իսկ «նախանձ» չկա՞, չե՞ն ուզում իրենք  էլ գան:

 Ես միշտ ասում եմ՝ կուզեմ, որ դուք էլ գաք, բայց միեւնույն ժամանակ պիտի իմանաք, որ հեշտ չէ: Իհարկե, կան պատճառներ՝ ինչի՞ համար ենք մենք էս վիճակում. 70 տարի Սովետական իշխանության տակ ենք եղել, բնականաբար հիմա դեռ էտ էտապի մեջ ենք, զարգանում ենք :

Եվ վերջում. ֆեյսբուքի Ձեր անձնական էջում նկատեցի վերջերս, որ  Ձեր կարգավիճակը փոխվել է, Դուք էլ ասել էիք, որ Ձեզ պատկերացնում եք միայն Հայաստանում՝ ամուսնացած ու միայն հայուհու հետ: Մեզ ուրախալի լու՞ր ունեք հայտնելու:

Ոչ (ժպտում է-հեղ):

 

 Հռիփսիմե Հովհաննիսյան

 

Լուսանկարները` ԴերՀովայի անձնական արխիվից

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930