Շուրջ մեկ տարի ժամանակավոր լռությունից հետո Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կրկին դասական երաժշտության հնչյուններ են հնչում:
Դպրոցի ուսումնական բաժնի վարիչ Ալվարդ Իգիթյանն ասում է, որ վերանորագումից հետո աշակերտների հոսքը շատացել է, նույնիսկ ընդունելության համար նախատեսված քանակն է լրացել:
«Դիմողները շատ են, բայց տեղ չունենք, աննախադեպ է»:
Ուսումնական տարվա սկզբին վերանորագված դպրոցն իր հարկի տակ է ընդունել 6-10 տարեկան 200 երեխայի, որոնցից 53-ը այս տարի են ընդունվել:
Կարդացեք նաև
«Առաջ ծնողները 6 տարեկաններին խուսափում էին բերել, պայմանները նպաստավոր չէին, ցուրտ էր, իսկ այժմ 6 տարեկաններ էլ ենք ընդունել»,-ասում է դպրոցի ուսումնական բաժնի վարիչը` նշելով, որ նոր պայմանները հնարավորություն կտան առաջվա նման դպրոցի պատերի ներքո հաճախակի համախմբել երաժշտասերներին:
«Հին շենք է, անունով շենք է, այն միշտ էլ եղել է մայր դպրոց, առաջներում էլ, ու միշտ էլ եղել է Լոռու մարզի մշակութային կենտրոնը: Մարզի բոլոր միջոցառումները կատարվում էին այստեղ, քանի որ մենք ունեինք շատ լավ դահլիՃ: Հանրահայտ երաժիշտների ենք այստեղ ընդունել` Պետրով, Շեստակովիչի քառյակը, Հեքեքյան, Բաբախանյան…»,-հիշում է արդեն 46 տարի դպրոցում իր ավանդը ներդրած Ալվարդ Իգիթյանը:
Նա հույս է հայտնում, որ նոր ու բարեկարգ` դպրոցն արդեն առաջվա պես իր շուրջը կհավաքի դասական երաժշտության սիրահարներին, ինչը եւս կխթանի մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը:
«Քանի որ արդեն մեր դահլիճը կգործի, այնտեղ ցուրտ չի լինի, շատ միջոցառումներ կլինեն մարզի մասշտաբով, համերգներ, եւ ցանկալի է, որ Երեւանի մենակատարներից ավելի հաճախ գան, մեր դահլիճը արդեն ի վիճակի է ընդունել նրանց: Դա կնպաստի մարզի մշակությանին կյանքի ակտիվությանը»:
Չնայած դպրոցում աշակերտների հոսքի աճին` Ալվարդ Իգիթյանը, այնուամենայնիվ ցավով նշում է, որ վերջին տարիներին ուշադրությունն ու վերաբերմունքը դասական երաժշտության հանդեպ նվազել է, մարդիկ չեն հետաքրքրվում դասական երաժշտությամբ:
Ըստ Իգիթյանի` եթե նախկինում թե ռադիոյով, թե հեռուստատեսությամբ պարբերաբար դասական ստեղծագործություններ էին հնչում, ապա այժմ դրանք բացակայում են:
«Ընդհանրապես ՀՀ-ում հեռուստատեսությունն էլ է պասիվ, դասական համերգներ չեն ցուցադրում, դասական երաժշտության մատուցման պակաս կա: Այդ է պատճառը, որ երեխաները մի ուղղությամբ են զարգանում` միայն վոկալի: Ցանկալի է, որ դասականին էլ տեղ տան, քարոզվի, ոչ թե հատուկենտ լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է մասնագետը` բացատրելով, որ դասական երաժշտությունը ներքնապես հարստացնում, զարգացնում է մարդուն. «Երաժշտությունը հղկում է երեխաներին, զարգացնում նրանց ճաշակը, նրբություն, ներքին հարստություն է տալիս»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ