Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչ Ռոբերտ Մանուկյան. Նկարել կարող են շատերը, բայց ստեղծագործել ոչ բոլորը

Սեպտեմբեր 14,2012 18:02

Այսօր Նկարիչների միությունում կայացավ անվանի նկարիչ Ռոբերտ Մանուկյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն, 60-ից ավելի աշխատանքները, որոնք հասցրել էին սիրվել և ճանաչվել: Նկարիչը ծնվել է 1929թ.-ին Երևանում, նրա գեղարվեստական աշխատանքներն իրենց տեղն են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում, Ե. Չարենցի տուն-թանգարանում, Բաղդադի, Մոսկվայի և Կաունասի Ազգային թանգարաններում, Խարկովի, Ռիգայի, Սանկտ-Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոս-Անջելեսի և այլ քաղաքների անհատական հավաքածուներում:

Aravot.am-ի հետ զրույցում  արվեստագետը հպարտությամբ նշեց, որ ստեղծագործական շնորհը ոչ բոլորին է տրված, գրագետ մարդիկ կան, իսկ բանաստեղծները քիչ են,  նկարել կարող են շատերը, բայց ստեղծագործել ոչ բոլորը.

«Աստծուն շնորհակալ եմ իմ տաղանդի համար, որովհետև այս նկարները ստեղծագործություններ են, դրանք պարզապես նկարված չեն, անգամ մի փոքր լճի ճիշտ վայրը ընտրելու համար 80 անգամ փորձել, չարչարվել եմ: Թիթեռի կյանք չունեն նկարներս, ամեն գործի մեջ փոքր վրձնի շարժումն անգամ թանկ է ինձ համար»:

Aravot.am-ի հարցին՝ նկարիչ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում, Ռ. Մանուկյանը պատասխանեց, որ նկարիչ, բանաստեղծ, գրող չեն դառնում, դա աստվածատուր շնորհ է. «Մարդիկ ծնվում են իրար նման, թվում է թե բոլորը նույնն են, բայց այդպես չէ, կա շնորհ, որը ոչ բոլորին է տրված»:

Նկարիչների միության գրաֆիկայի սեկցիայի  նախագահ Կարապետյան Սամվելի խոսքով Ռ. Մանուկյանը անկրկնելի անձնավորություն է, նրա գունանկարներում ամբողջը տրամադրություն է, այսօրվա երիտասարդների ձեռագիրը չէ, այլ հստակ է նկարը:

Ցուցադրված էին շուրջ 60 ստեղծագործություններ, որոնց մեջ առանձնացված էր «ընկերական շարժ»-ը: Նկարչի ուրախ, վառ ու դրական պատկերացումներով էին նկարված  ճանաչված մարդիկ. «Աստվածատուր հումորի զգացում ունեմ, տարիների ընթացքում շարժեր նկարել եմ, այն մարդը կամ արվեստագետը, ով ինձ հետաքրքրել է՝ ընկերական շարժում տեղ է գտել: Այն ոչ մի կապ չունի ծաղրանկարի հետ, վերջինիս մեջ կա ծաղրանք՝ նկարված մարդու հանդեպ, իսկ այստեղ մոտեցումը ընդհակառակն է, կարևորը ժպիտն է, իսկ վիրավորանք չկա»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930