Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքից կիսակառույցները չվերացնելու դեպքում դրանք կճանաչվեն գերակա շահ ու կտրվեն այլ սեփականատերերի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2012 17:47

 Այսօր քաղաքապետարանի մամուլի սրահում, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին լրագրողներն ուղղակի հարցախեղդ արեցին: Գլխավոր ճարտարապետը խոսելու էր մայրաքաղաքում առկա կիսակառույցների ճակատագրի մասին, որոնք արդեն քանի տարի է՝ մայրաքաղաքի ճարտարապետական դիմագիծը խաթարում են, էկոլոգիական խնդիրներ են առաջացնում, փոշու ու կեղտի բուն են: Սակայն պարոն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, Համազգային թատրոնի նոր շենքի կամ թե ինչու Վենետիկի Բիենալեին Հայաստանի  ճարտարապետները չմասնակցեցին, կառավարության շենքի գմբեթի լինել-չլինելու, մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի վերգետնյա հատվածում հյուրանոց կառուցելու, Փակ շուկայի ու կրկեսի հարցերի մասին:

Կիսակառույցների հարցի լուծումը, Նարեկ Սարգսյանի խոսքերով, քաղաքապետարանը գտել է. սեփականատերերը հրավիրվել են քաղաքապետարան եւ զգուշացվել, որ նրանց հետ նոր պայմանագրեր են կնքվելու` նոր պայմաններով եւ չկատարելու դեպքում, տարածքը ճանաչվելու է գերակա շահ եւ հետ վերցվելու սեփականատիրոջ ձեռքից:
Նարեկ Սարգսյանը, Aravot.am-ի հարցին, թե ովքեր են այդ կիսակառույցների սեփականատերերը, հրաժարվեց անուններ հրապարակել, ասելով, որ կարեւորը հարցը լուծվի: Նրա պատասխանը` տեսանյութում.

Ներկա դրությամբ կառուցապատման ենթակա են Դվին, Սեւան

հյուրանոցների շենքերը, «Սասունցի Դավիթ» կայարանին հարակից շենքերը, Արդարադատության նախարարության նախկին այրված շենքը եւ տասնյակ այլ կառույցներ: Գլխավոր ճարտարապետը հայտնեց, որ արդարադատության նախարարության շենքի փոխարեն առաջիկայում կառուցվելու են վարչական նոր շենքեր, որտեղ կլինի նաեւ արդարադատության նախարարությունը: Հնարավոր է, որ  տրանսպորտի եւ կապի, արտաքին գործերի նախարարությունները նույնպես այդտեղ տեղափոխվեն: Իսկ փոխարենն, ըստ Նարեկ Սարգսյանի, չի բացառվում, որ լինեն հյուրանոցներ:

Համազգային թատրոնի շենքի վերաբերյալ առայժմ վերջնական որոշում չկա, ըստ ճարտարապետի առայժմ շենքի տարածքի վերաբերյալ հակասական կարծիքներ կան:

Մեկ-երկու ամսից Հյուսիսային պողոտայում կրկին բուռն շինարարություն կընթանա. ըստ Նարեկ Սարգսյանի, փոխվելու է լուսավորության ցանցը, հատակը քարապատվելու է, կանաչ տարածքներն ավելացվելու են, նոր նստարաններ են դրվելու:

Ինչ վերաբերում է կառավարության շենքի գլխին գմբեթ դնելուն, ապա ճարտարապետի խոսքերով, այն ուժի մեջ է եւ նորից քննարկումներ են սկսվելու:

Հարցին, թե անհրաժե՞շտ է Երեւանին գլխավոր ճարտարապետ, թե՞ ոչ, պարոն Սարգսյանն ասաց, որ այն քաղաքներում չկա գլխավոր ճարտարապետ, որտեղ ամեն ինչ նախագծված է եւ ընթանում է ըստ այդ ծրագրի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930