Երբ Ադրբեջանի շախմատիստները հրաժարվեցին մասնակցել 1996 թվականին Երեւանում անցկացվելիք համաշխարհային օլիմպիադային, մրցումը որակական առումով չտուժեց, որովհետեւ այն ժամանակ, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց շախմատի երախտավոր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը, «Ադրբեջանում 1996 թվականին գրոսմայստեր էլ չկար եւ նրանց հավաքականը սովորական թիմ էր: Ստամբուլում, երբ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովը պատմում էր, որ իրենք գրոսմայստերներ են ունեցել, կամ չգիտեր, կամ էլ շրջանցեց այն իրողությունը, որ Ադրբեջանում շախմատի առաջին ԽՍՀՄ վարպետը հայ է եղել` Սուրեն Աբրահամյանը, առաջին գրոսմայստերը (1978 թվականին)` Վլադիմիր Բաղիրովը, որը նույնպես ազգությամբ հայ է (Բաղիրովի հայրը` Կոնստանտինը, հայ էր, մայրը` ուկրաինացի: Ա. Հ.) եւ դրանից հետո` Գարի Կասպարովը (1980): Իսկ ադրբեջանցի առաջին գրոսմայստերը Ռաջաբովն է, որն այդ կոչումը ստացել է շատ ուշ` 2001 թվականին»,- պատմեց Վ. Զաքարյանը:
Ի դեպ, Վլադիմիր Բաղիրովը 1996 թվականին երեւանյան համաշխարհային օլիմպիադային մասնակցել է Լատվիայի հավաքականի կազմում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև