ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացավ ասուլիս՝ Բիշքեկի Չ.Այթմատովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրված «Լիր արքա» ներկայացման մասին: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ռեժիսոր-բեմադրող Հակոբ Ղազանչյանը նշեց, որ սա թատերական միությունների միջազգային համադաշնության հայ-ռուսական թատերական նախագիծ էր, հայ-ռուս-ղրղզական համագործակցության արդյունք.
«Վալերի Շադրինը գործուղեց որպեսզի մենք ընտրենք համապատասխան բեմահարթակը: Պիեսը վաղուց կար իմ մտքում, այն ինչ ուզում եմ բեմադրել, դա հզոր դրամատուրգ Շեքսպիրն է, երբ ուշադիր կարդում ես, ամեն անգամ նոր մտքեր ու բացահայտումներ են ի հայտ գալիս, դրանք անգամ շեքսպիրյան փորձագետները չեն բացահայտում»:
Ըստ ռեժիսորի՝ ներկայացման գլխավոր դերակատար Վիգեն Ստեփանյանը հրաշալի խաղաց բեմում, դերակատարումը նույնպես հրաշալի էր, հնարավոր է, որ շեքսպիրյան փառատոնի շրջանակներում ներկայացումը բեմադրվի մայրաքաղաքում.
«Ներկայացման գլխավոր իմաստը դա այն էր, որ պետք չէ իշխանությունների հետ կատակ անել, Լիր արքան իր արաքի համար ստացավ այն, ինչին արժանի էր: Բոլոր իշխանությունները եթե ուշադիր նայեն ներկայացումը, ոչ մի պետություն չի քայքայվի»:
Վաստակավոր դերասան Վիգեն Ստեփանյանը նշեց, որ իր կերտած կերպարը արդիական է բոլոր ժամանակներում, դերասանները ամեն տեղ, ամեն քաղաքում նույնն են: Նա երկար ժամանակ չէր խաղացել բեմում, նամանավանդ օտար լեզվով, միակ դժվարությունը թերևս դա էր.
«Երկրի կործանման համար անգամ չնչին սխալ քայլը որոշիչ է: Իշխանությունը մեծ պատասխանատվություն է, որովհետև նրա հետևում մեծ երկիր է: Ներկայացման ավարտին դահլիճում անսպասելի շունչ եկավ, որովհետև ավարտը անսպասելի էր»:
Դերասանի խոսքով թատրոնում խանդն ու նախանձը մոռացվել էր, թատրոնը հիմնարկ չէ, այնտեղ ժամ ու պատարագ չկա, չարչարվում են բոլորը.
«Դերասանին յուրաքանչյուր դեր տալիս է նոր գագաթ հաղթահարելու հարստություն, այն ոչ փող է, ոչ մեդալ, ոչ էլ կոչում: Ներկայացումը ստացվել էր և ես ինձ լավ եմ զգում»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ