Օգոստոսի 20-ին «Առավոտի» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Գեղիի հատվածով անցնող պոչատարի խողովակաշարում տեղի ունեցած վթարի հետեւանքով թափուկատարի ջրերը լցվել են Կապանի միջով հոսող Ողջի գետը, ինչից գետը աղետալի տեսք է ընդունել, իսկ գետին մոտ ապրող բազմաբնակարան շենքերի բնակչության շրջանում թափոնաջրերի սուր հոտից գլխացավ էր առաջացել:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի տվյալներով` մետաղյա խողովակաշարի վթարի հետեւանքով ապարախյուսը հոսել է շրջակա միջավայր, թափվել Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ` որոշակի մասը Ողջի գետ, ինչպես նաեւ շուրջ 100մ երկարությամբ ասֆալտապատ տարածք: Ավելի վաղ տեսչությունից «Առավոտին» տեղեկացրել էին, որ տեղում արձանագրել են իրավիճակը, աղտոտված ջրերից նմուշառում իրականացրել:
«Ողջի գետից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտությունների եւ խողովակատարից արտահոսքի ծավալների հաշվարկի համադրության արդյունքում արձանագրվել է շուրջ 38 տոննա ապարախյուս, որից 28 տոննան լցվել է բաց ջրավազան: Կոմբինատի կողմից ջրային ավազանին հասցված վնասի չափը կազմել է 294 հազար դրամ: Ապարախյուսով աղտոտված ասֆալտապատ տարածքն անմիջապես ընկերության կողմից մաքրվել է եւ լվացվել, իսկ շուրջ 7 խմ կոշտ մնացորդ տեղափոխվել է վթարային ավազան: Նշված աղտոտված տարածքի համար բնապահպանական վնաս չի հաշվարկվել, քանի որ արդյունաբերական եւ տրանսպորտային նշանակության հողերի աղտոտման դեպքում վնասի հաշվարկ չի նախատեսված»,- տեղեկացրեցին Սյունիքի տարածքային բաժնից եւ նշեցին, որ դեպքից հետո Ողջի գետում մաքրման աշխատանքներ չեն տարվել, այն ինքնամաքրման եղանակով է մաքրվել:
Բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ գործի վարչական վարույթն ընթացքի մեջ է, այն ուսումնասիրության փուլում է եւ չի բացառվում, որ «ԶՊՄԿ»-ի նկատմամբ վարչական տուգանք չկիրառվի: «Շատ հնարավոր է, որ ընկերությունը վարչական տույժի չենթարկվի, եթե պարզվի, որ մետաղյա խողովակաշարի ճեղքն առաջացել է երկրաշարժի հետեւանքով եւ մարդկային գործոնը, մեղավորությունն այս դեպքում բացառվի», – հավելեց Լեւոն Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Պարբերաբար տեղի ունեցող վթարների ու դրա հետեւանքով Ողջի գետին, շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը ԶՊՄԿ-ի կողմից հասցվելիք վնասի, ինչպես նաեւ պատասխանատու կառույցների փակ ու ոչ թափանցիկ գործելաոճի մասին Կապանում հ/կ-ները քննարկում էին կազմակերպել, որին մասնակցելու չէին եկել բնապահպանական տեսչության տարածքային բաժնի ու ԶՊՄԿ-ի ներկայացուցիչները: Տեսչության պետ Լեւոն Պետրոսյանը պնդում է, որ իրեն այդ միջոցառմանը չէին հրավիրել, հրավիրելու դեպքում ինքն անպայման ներկա կգտնվեր ու մեծ սիրով կմասնակցեր քննարկմանը, նույնիսկ պատրաստ է այդ հարցի շուրջ հեռուստատեսությամբ հ/կ ներկայացուցիչների հետ քննարկման մասնակցել: Իսկ «Կայուն Զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանն իր հերթին հավաստիացնում է, որ ինքն անձամբ է զանգել տեսչության ներկայացուցիչներից մեկին, ով տեղեկացրեց, որ հեռախոսազրույց ունենալու պահին իր կողքին է գտնվում Լեւոն Պետրոսյանը: Հ/կ-ի նախագահը խնդրել էր, որ բաժնից որեւէ մեկը ներկա գտնվի կարեւոր այդ քննարկմանը եւ հանրությանը հետաքրքրող հարցերի պարզաբանումները տա: «Ողջի գետի աղտոտված ջրերով ոռոգվում են ազատագրված տարածքների այգիները, որտեղից էլ բերքը բերվում է Կապան եւ վաճառվում բնակիչներին: Կապանցիներն են ապարախյուսով ոռոգված բանջարանոցների բերքից օգտվում, մարզկենտրոնի ժողովուրդն է շնչում գետի կոնցենտրատի հոտն ու գետից անդրադարձող ճառագայթները մեր բնակչության վրա են անդրադառնում, էլ չենք ասում, որ կոնցենտրատը չորանալուց հետո փոշին քամու միջոցով տարածվում է քաղաքի վրա ու այդ օդն էլ է կապանցին շնչում: Ո՞վ է փոխհատուցելու վնասը: Մեր ամբողջ մտահոգությունը սա է, անպատժելիության մթնոլորտ է տիրում»,- ասում են հ/կ ներկայացուցիչները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ