Լրահոս
Օրվա լրահոսը

Չպատվաստվելու պատճառով մեծահասակ արմավիրցին մահացել է փայտացումից

Սեպտեմբեր 14,2012 16:15

Դիֆտերիայի բռնկում Հայաստանում վերջին անգամ եղել է 90-ական թվականներին եւ մոտ 30 մահվան դեպք է արձանագրվել ու թեեւ զանգվածային պատվաստումներ կատարվեցին, եւ արդեն 10 տարի է, ոչ մի դեպք չի արձանագրվել, սակայն վտանգը վերջնականապես «չեզոքացված չէ»: Այսօր Ծաղկաձորում «Հայաստանում ռոտավիրուսային հիվանդության եւ ռոտավիրուսային պատվաստումների ներդրման» ծրագրի իրազեկման վերաբերյալ լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա ներկայացմամբ` դիֆտերիան մեր հարեւան երկրներում դեռեւս ամբողջովին վերացված չէ, ուստի դա է պատճառը, ոը միգրացիոն հոսքերի միջոցով հնարավոր է նաեւ այդ հիվանդությունը ներթափանցի Հայաստան: Օրինակ` Թուրքիայում, Իրանում, Վրաստանում, նույնիսկ՝ Ռուսատանում, դիֆտերիայի բռնկման  եւ մահվան դեպքեր են արձանագրվել:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչ պետք է անի քաղաքացին, խուսափելու համար վարակից, հատկապես, որ հարեւան երկրների  քաղաքացիների հետ ակտիվ շփում ունի, տիկին Սահակյանն ասաց. «Մենք ունենք պլանային պատվաստումների ազգային օրացույց, ըստ որի վերջին պատվաստումը 16 տարեկանն էր, որից հետո յուրաքանչյուր 10 տարին մեկ՝ մինչեւ 56 տարեկանը, մեծահասակ քաղաքացիների համար այս պատվաստումները նախատեսում ենք: Բայց վերջին 2-3 տարիներին մեծահասակ ազգաբնակչության ընդգրկվածության մակարդակը շատ ցածր է, պետք է ցավով նշեմ, որ եթե երեխաները պատվաստումներ են ստանում շատ բարձր մակարդակով, ապա նույնը չեմ  կարող ասել մեծահասակների համար: Շատ դժվար է մեծահասակներին բերել պոլիկլինիկա եւ պատվաստում կատարել: Մարդիկ զբաղված են, մարդիկ չեն կարեւորում, միգուցե իրազեկման խնդիր կա, միգուցե չեն հասկանում վտանգը»: Տիկին Սահակյանի խոսքերով, դիֆտերիան օդակաթիլային վարակ է, եւ հաշվի առնելով մեր հարեւան երկրների քաղաքացիների մուտքն ու ելքը, պատվաստումը շատ կարեւոր է: Մասնագետի փոխանցմամբ` դիֆտերիան շատ բարձր մահացություն ունի, նույնը`նաեւ փայտացումը: Ըստ տիկին Սահակյանի՝ ընդամենը մեկ ամիս  առաջ է փայտացման դեպք արձանագրվել, եւ 54 տարեկան անձը պարզապես չէր պատվաստվել փայտացման դեմ,  շինարարության ընթացքում վնասվել էր ձեռքը, ինչի հետեւանքով նրա  մոտ փայտացում  էր  սկսվել: Մասնագետի խոսքերով՝ հրաշքով են Արմավիրի այդ բնակչի կյանքը փրկել, իսկ նախորդ տարի նույն մարզում, եւս չպատվաստվելու հետեւանքով քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

Նշենք, որ պատվաստումներն անվճար են, եւ այն քաղաքացիները, որոնց տարիքը համապատասխանում է պատվաստմանը, կարող են դիմել իրենց տարածքի պոլիկլինիկա:

Իսկ ինչ վերաբերում է ռոտավիրուսային պատվաստմանը, ապա այն կատարվում է 2 դեղաչափով` 6 շաբաթականում եւ 12 շաբաթականում: Մասնագետը վստահեցրեց, որ պատվաստումից կողմնակի ազդեցություն չի լինում օրգանիզմի վրա, ուղղակի հնարավոր է ախորժակի թեթեւակի անկում, կամ շատ թեթեւ փորլուծություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930