«Ժամանակն է միամտությունից հրաժարվել ու հասկանալ, որ այսօրվա աշխարհը բարոյական նորմերով չի շարժվում, իր սեփական շահերն է առաջ տանում: Մեզ պետք է հասկանալ, թե ինչ սցենարով շարժվել եւ արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դիմակայել այս եւ այլ մարտահրավերներին: Մենք չունենք արտաքին քաղաքականության դոկտրին: Պարզապես ամեն անգամ իրավիճակային որոշումներ ենք կայացնում, երբ տեսնում ենք ինչ որ բան այնպես չէ»,- այս կարծիքին է ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Սարգսյանի կարծիքով, բնականաբար, Եվրախորհրդարանը պետք է դատապարտեր կատարվածը, բայց դրանից որեւէ բան չէր փոխվելու: Եվ եթե ԵԽ-ն համապատասխան սանկցիաներ իրականացներ, պահանջներ դներ՝ Սաֆարովին վերադարձնել իր հին կարգավիճակին, Հունգարիայի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ցուցաբերեր՝ դաս կլիներ բոլորին. «Բայց քանի որ այսօրվա աշխարհում նման նորմերը գին չունեն՝ ի տարբերություն գազի ու նավթի, մենք այստեղ պետք է միամիտ չլինենք, մեր սեփական գործողություններով մեր արժանապատվությունն ու ազգային անվտանգությունը պահպանենք: Հայությունը կարող է համակարգված գործողություններ իրականացնել, ջանքերը մեկտեղել, իսկ դրա համար պահանջվում է լուծել ցեղասպանության ճանաչման խնդիրն ու նրա հետեւանքների կարգավորումը, ԼՂՀ-ի խնդիրը, հայապահպանության խնդիրը. Հայաստան-Արցախ տնտեսական զարգացման խնդիրները, սփյուռք-սփյուռք փոխհարաբերությունները»:
Սարգսյանը նաեւ հավելեց, որ ՀՀ ԱԳՆ-ն, ազգային անվտանգության ծառայությունը, անվտանգության խորհուրդը, չկարողացան կանխարգելիչ քայլեր իրականացնել. «Մենք մեր կարողությունները չենք օգտագործել: Եվ եթե պարոն Նալբանդյանը ինչ որ դիմումներ էր ուղարկում, միայն ինքը չէ, որ պետք է ստանար հավաստիացումներ: Հայ ժողովուրդը Հունգարիայում, Եվրոպայում ուներ կառույց, որտեղ կարելի էր այդ հարցերը բարձրացնել»,-նշեց ՀԴԿ նախագահը, շարունակելով, որ Ադրբեջանն այժմ ոչ կոմֆորտ վիճակում է, արդարանալու փորձեր է անում, բայց դա չի ստացվի, իհարկե, նրանց մոտ բարդություններ կլինեն, կապված իմիջի հետ:
Կարդացեք նաև
«Այս պահին բանակցային գործընթացը պետք է սառեցվի, մինչ այն պահը, որ Ադրբեջանը ներողություն խնդրելու միտում ցուցաբերի: Բացի այդ, քաղաքական իմաստ չկա բանակցությունների համար: Մենք այժմ իրավունք չունենք ճանաչելու ԼՂՀ անկախությունը եւ դրա համար մի շարք պատճառներ կան: Առաջինը՝ դեկտեմբերի մեկի որոշումն է վերամիավորման մասին, ոչ ոք չեղյալ չի հայտարարել, երկրորդ՝ մենք չենք ճանաչել, որ նա դուրս է եկել Ադրբեջանի կազմից լեգիտիմ ձեւով, իսկ եթե մենք չենք ճանաչել, դա կնշանակի, որ Ալիեւը ճիշտ է, եւ աշխարհն էլ է ճիշտ, որ տարածքային ամբողջականության մասին խոսելով, խոսում է նաեւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու մասին: Մենք տարրական բաներ չենք անում: Ես ԱԳՆ-ի մակարդակի վրա եմ զարմանում: Ո՞նց կարելի է այս ամենը հաշվի չառնել, երբ միջազգային իրավունքի նորմը պահանջում է համապատասխան քայլեր անել»,- ավելացրեց Արամ Սարգսյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ