Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Եթե շախմատով ապացուցում ենք մտավոր զարգացվածությունը, նույնը պետք է անենք նաեւ ժողովրդավարության հաստատման պարագայում» (տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2012 15:26

 Այսօր Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) նախագահ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը Ժողովրդավարության միջազգային օրվա՝ սեպտեմբերի 15-ի առիթով հանդիպեց լրագրողների հետ:

Հայրիկյանի փոխանցմամբ՝ 2007թ.-ին  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ամրագրեց, որ սեպտեմբերի 15-ը բոլոր պետությունները պետք է նշեն որպես Ժողովրդավարության միջազգային օր՝ արձանագրելով պետություններում ժողովրդավարության հաստատման կարեւորությունը. «Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդրին վերջին տարիների ընթացքում բավարար ուշադրություն չդարձվեց, այդ իսկ պատճառով տոնից մեկ օր առաջ ցանկացա մեր իշխանություններին եւ քաղաքացիներին զգուշացնել, որ ժողովրդավարությունը կարեւորվում է համամարդկային մակարդակով: Առհասարակ, մեր կրած բոլոր դժվարությունները ժողովրդավարության պակասի արդյունք են»:

Պարույր Հայրիկյանն ասաց, որ 1997թ.-ին Կահիրեում ընդունված ժողովրդավարության համընդհանուր հռչակագիրը պարտադիր չէ պետությունների համար, սակայն ամրագրվելու դեպքում կնպաստի գործնական քայլերի զարգացմանը: Փաստաթղթի ելակետը մարդու իրավունքներն են:

ԱԻՄ նախագահն արձանագրեց, որ աշխարհի բոլոր պետությունների քաղաքացիների իրավունքները իրավահավասար են միայն ընտրությունների օրը. «Ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում մարդու իրավունքներն իրավահավասար չեն: Երբ խոսում ենք ժողովրդավարությունից, ի նկատի ունենք սեփական իրավունքների ճանաչումը: Այս առումով ժողովրդավարությունը հոմանիշ է ինքնորոշմանը: Հայաստանի պարագայում պետք է դիտարկել, թե ինչն է խոչընդոտում ժողովրդավարության հաստատմանը: Եթե շախմատով ապացուցում ենք մտավոր զարգացվածությունը, նույնը պետք է անենք նաեւ ժողովրդավարության զարգացման պարագայում»:

Հայրիկյանը հավելեց, որ Կահիրեի փաստաթուղթն ամրագրում է ժողովրդավարություն հասկացությունը, սակայն ԱԻՄ նախագահը մտադիր է փաստաթղթին հավելում կցել այն մասով, որ պետությունները իրենք պետք է սահմանեն իրենց երկրի ժողովրդավարության առավելություններն ու թերությունները. «Կցորդով փաստաթուղը ներկայացնելու եմ արտգործնախարարությանը եւ ԱԺ-ին»:

Անդրադառնալով Սաֆարովի տեղափոխմանն ու ազատ արձակմանը՝ բանախոսն ասաց, որ Ալիեւը հազարավոր հիմար քայլերից ընտրեց ամենահիմարը. «Մեր քայլերը պետք  է ուղղված լինեն նրան, որ Հունգարիան ետ պահանջի ճղճիմ մարդասպանին:  Այդ առումով պետք  էր ոչ թե խզել հարաբերությունները Հունգարիայի հետ, այլ ուղարկել համապատասխան պատվիրակություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930