Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, անդրադառնալով երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված Ռամիլ Սաֆարովի գործով բանաձեւին, ասաց, որ այսպիսի խայտառակությունը, որը խարխլում է համամարդկային արժեքները, եւ դրան ընդամենը ափսոսանք է հայտնվում, երկակի ստանդարտների արդյունք է. «Որեւէ դատապարտող բան չկա: Ադրբեջանում էլ կարծես թե նորմալ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Սուլթանը որոշել է, սուլթանը՝ իրականացրել: Թե ինչպիսի գործարքի մեջ մտավ Ադրբեջանը Եվրոպայի կենտրոններում, թե ինչ չինովնիկների ինչեր խոստացավ՝ դա հետագայում կպարզվի: Բայց բանաձեւը խուսափողական եւ ոչ ադեկվատ է այն երեւույթին, որ տեղի է ունեցել»:
Մինասյանի ձեւակերպմամբ, Հայաստանը արտաքին դաշտում չի պարտվել. «Այս դեպքի եւ որոշման հետ կապված, մենք չենք պարտվել: Պարտվել է համաշխարհային հանրությունը, եվրոպական քաղաքակրթությունը: Մեր խնդիրը ընդամենը աշխարհին ներկայացնելն է այն, ինչ մենք կարող ենք ներկայացնել: Տեղի ունեցածը սարսափելի էր: Եվ երկրի ղեկավարի կոշտ դիրքորոշումն ու արժանապատիվ կեցվածքը մեզանից պահանջում է համատեղել ուժերը, որպեսզի յուրաքանչյուր հայ իմանա, որ պաշտպանված է, ազգով ու պետությամբ»:
Ինչ վերաբերվում է պատերազմի վերսկսվելուն, ապա, ըստ Մինասյանի, հնարավոր է, որ մեր ոխերիմ հարեւանները ինչ որ քայլեր ձեռնարկեն, բայց. «Մի բան հաստատ է՝ կա հայոց ուժեղ, մարտունակ բանակ: Եվ եթե ինչ որ փորձեր լինեն, շատ լուրջ հակահարված կստանան»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ