ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզի քննչական բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիցյանը, որը երկար տարիներ աշխատել է համակարգում, զբաղեցրել է Երեւանի տարբեր հատվածների քննչական բաժնի պետի պաշտոնը: Նրան, ըստ որոշ տեղեկությունների, տեղափոխել են Կենտրոն համայնքից; Ի սկզբանե շիրակցի ոստիկանների շրջանում լուրեր էին պտտվում, որ նոր պետը ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի հարազատ եղբայրն է, սակայն տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանել; Թե ինչքան ժամանակ կկարողանա աշխատել նոր պետը այս ծանր՝ ռազբորկաներ ու կրակոցներ սիրող մարզում , ցույց կտա ժամանակը; Հիշեցնենք, որ Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանը , ում նույնպես մայրաքաղաքից էին նշանակել , ուղղակիորեն չկարողացավ դիմանալ Գյումրիում, 3 ամիս աշխատելուց հետո կրկին վերադարձավ Երեւան:
Գյումրեցիներն էլ, թեեւ նեղսրտում են, որ իրենց ղեկավարներ են բերում մայրաքաղաքից, ինչը նշանակում է, որ տեղի կադրերին չեն վստահում, սակայն տեղի կադրերից մի քանիսը, այդ թվում քննչական բաժնի երկարամյա պետ Կարուշ Թովմասյանն ու նրա տեղակալ Սայաթ Գարեգինյանն իրենց հարազատների պատճառով ոււղղակի խայտառակեցին համակարգը: Կարուշ Թովմասյանի դեպքում, նրա փեսան՝ Գառնիկ Գրիգորյանը, դարձավ Գյումրիում խոհարարի պատճառով հնչած կրակոցների հերոսներից մեկը, իսկ Սայաթ Գարեգինյանի անունը հանեց բժշկական համալսարանում սովորող նրա եղբորորդին՝ Դավիթը, որը իրենց բակում տեղադրվող ավտոտնակի պատճառով դանակահարել էր հարեւանի տղային՝ 34-ամյա Արտակ Մուրադյանին: Ըստ տուժողի մոր՝ Օֆելյա Ներսիսյանի, Սայաթ Գարեգինյանն էլ , իր հերթին, չարաշահելով պաշտոնական դիրքը, իրենց վրա ոստիկաններ էր ուղարկել, ահաբեկել, որպեսզի իրենց օրինական կարգով հատկացված հողատարածքում չտեղադրեն ավտոտնակը: Նշենք, որ Ալբերտ Երիցյանն արդեն 5-րդ օրն է՝ աշխատում է Գյումրիում;
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ