Այսօր «Peoplemeter» ակումբում օրերս Արևմտյան Հայաստանից վերադարձած ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը պատմեց, որ եղել է Արևմտյան Հայաստանի 15 քաղաքում եւ 45-50 գյուղերում` ուսումնասիրելով տեղի բնակչության կենցաղն ու սոցիալ-քաղաքական իրավիճակը:
«Արեւմտյան Հայաստանի հյուսիսը եւ հարավը դիտարկելուց արձանագրեցի, որ քաղաքակրթության առումով երկու տարածաշրջանների միջեւ էական տարբերություններ կան. հյուսիսում` Հայկական Պարից հյուսիս ընկած տարածքներում (Կարս, Էրզրում), հատկապես քաղաքներում պետական մասշտաբով կատարվում է քաղաքաշինություն եւ բնակարանաշինություն, ինչը չի կարելի ասել գյուղերի մասին: Գյուղերում, որոնք աչքի են ընկնում նոսր բնակչությամբ, ակնհայտ է մինարեթների եւ մզկիթների առկայությունը»: Ինչ վերաբերում է հարավին (Մուշ, Վան եւ դրանցից հարավ ընկած տարածքներ), Սարոյանն ասաց, որ ոչ բոլոր գյուղերում կան մինարեթներ ու մզկիթներ. «Մշո դաշտերում գյուղերի առատություն կա, իսկ տներն աչքի են ընկնում մեծությամբ եւ բարձորակ ճարտարապետությամբ: Այստեղ շատ են քրդական բնակավայրերը: Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ` ի տարբերություն հյուսիսի, որտեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղված»:
Խոսելով թուրք-քրդական հակամարտությունից` փորձագետն ասաց, որ հարավում թուրքական իշխանությունը փորձում է զսպաշապիկ հագցնել քրդերին. «Քրդական բնակավայրերը կարծես ռազմականացված միջավայրեր լինեն: Վախը մեծ է, որ քրդական տարրը կարող է ոտքի կանգնել, այս իսկ պատճառով ակնհայտ է թուրքական ավտոմատավոր ժանդարմիայի ներկայությունը, որը փորձում է բռի մեջ պահել հասարակությանը: Առհասարակ, քրդերը հայերի մեջ դաշնակից են տեսնում,, բայց հայերի շրջանում քրդերին դաշնակից դիտելու հարցը միանշանակ չէ»:
Կարդացեք նաև
Սարոյանը հավելեց, որ որոշ բնակավայրերում քրդերը գիտեն հայերի ազգային պատկանելության մասին, սակայն չեն բարձրաձայնում, քանի որ հայերին վիրավորում է իրենց հայ լինելու հանգամանքը. «Եվ դա բնական է, որովհետեւ տեւական ժամանակ բացասական կարծիք է ձեւավորվել հայերի նկատմամբ»:
Ս. Սարոյանի խոսքով, հատկապես Մուշում եւ Սասունում հայերը փորձում են բացահայտել իրենց ազգային ինքնությունը. «Նրանք իսլամադավան են, հայերեն չգիտեն, խոսում են քրդերեն եւ թուրքերեն: Զրույցների ընթացքում նրանք ասում էին, որ բռնի կերպով չեն ընդունել իսլամը, սակայն ակնհայտ է նրանց շրջանում ազգային զարթոնքի գաղափարը: Կարծում եմ` պետք չէ դավանաբանական խնդիրներ առաջ քաշել. օրինակ` հանցագործություն է համշենահայությանը մեզանից կտրելը»:
Խոսելով սիրիական խնդրից` փորձագետն ասաց, որ եթե Ասադը պահպանի իր ռեժիմը, Թուրքիան չի կարողանա զսպել քրդերին: Թուրքիան հույս ունի, որ Ասադի ռեժիմը կտապալվի. եւ քրդերը կզրկվեն օժանդակությունից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ