Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմտյան լղոզված դիվանագիտություն, կամ ԵՄ-ն Սաֆարովի մասին բանաձևն ընդունեց ինքն իր համար

Սեպտեմբեր 14,2012 14:38

Եվրախորհրդարանը  58 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւ է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է է’լ ավելի թեժացնել հայ-ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։ Նկատենք, որ  բանաձևում որևէ կոնկրետ դրույթ կամ պարտավորություն Ադրբեջանի համար չկա: Այնտեղ ընդամենը նշված է. «Սաֆարովի ազատ արձակումը հակասում է դատապարտված անձանց էքստրադիցիայի մասին միջազգային կոնվենցիայի տառին ու ոգուն»: Բանաձևի մի շարք այլ կետերի շարքում սահմանված է հետևյալը. «Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները եւ կարող է սասանել նաեւ ապագայում ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները»:

Թե ինչ կտա բանաձևի ընդունումը Հայաստանին և ինչն է պատճառը, որ բանաձևում որևէ կոնկրետ պահանջ Ադրբեջանին չի ներկայացված, Aravot.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Երվանդ Բոզոյանի և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ զրույցում: Երվանդ Բոզոյանը նկատեց. «Այս բանաձևի ընդունումը Հայաստանին ոչ մի բան էլ չի տա: Այն որևէ էական ազդեցություն գործընթացի վրա չի թողնի: Պարզապես Եվրամիությունն այդ բանաձևն ընդունեց ինքն իր համար, քանի որ Եվրամիությունը այդպիսի բանաձև չընդունել չէր կարող, քանի որ այդպիսի խայտառակ պայմաններում չարձագանքել չէր կարող»: Իսկ այն հարցի կապակցությամբ, թե ինչո՞ւ ընդունվեց մի բանաձև, որը չի պարունակում Ադրբեջանի հանդեպ որևէ կոնկրետ պահանջ, պարոն Բոզոյանը նշեց. «Բանաձևում որևէ կոնկրետ սանկցիա, գործիք, տեխնոլոգիական լուծումներ չկան, որ Ադրբեջանին պարտադրեն, կամ Ադրբեջանին որևէ հակառակ որոշումներ լինեն: Փաստորեն որևէ առարկայական որոշումներ չկան, որ կիրառվեն Ադրբեջանի հանդեպ: Ոչ մի բան չասող ռեզոլյուցիա է, պարզապես այն ուղենիշ էր ցույց տալիս Հայաստանին և Ադրբեջանին, թե իրար հետ խաղաղ ապրեք»:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ նկատեց, թե բանաձևի ընդունումն արդեն իսկ Հայաստանին ինչ-որ բան տվել է և հավելեց. «Պարզապես պիտի պտուղներից կարողանալ օգտվել: Բանաձևն օգտագործել բոլոր միջազգային ատյաններում, դիվանագիտական բոլոր խողովակներով, ոչ թե դա դարձնել ներքին օգտագործման համար, որ մենք հայերով ասենք ու ուրախանանք»: Իսկ այն, որ բանաձևն այսպիսին է, քաղտեխնոլոգն այս կապակցությամբ ասաց. «Դա Ադրբեջանի կշռով չէ պայմանավորված, այլ արևմտյան հերթական լղոզված դիվանագիտության արդյունք, ինչպես ասում են եվրոպական կոմպլեմենտարության արդյունք: Այստեղ Ադրբեջանի լոբբինգի խնդիր չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930