Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդը կհետեւի, թե իր կենսաթոշակի գումարները ինչպես են կառավարվում

Սեպտեմբեր 14,2012 14:35

 Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենում «Արժանապատիվ աշխատանք եւ համարժեք կենսաթոշակ» անունը կրող համաժողով, որը կամփոփի ԱՄՆ  Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ)  կենսաթոշակային եւ աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) :

Միջոցառմանը ներկա են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ֆինանսների նախարարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, կենսաթոշակային բարեփոխումներին  առնչվող տեղական եւ միջազգային կազմակերպություններ, լրագրողներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացնելով կենսաթոշակային բարեփոխումները, նշեց, որ դա բավականին բարդ եւ  բազմաբովանդակ համակարգ է, եւ շատ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ նպատակներ են դրված ծրագրի հիմքում. «Այսօր մենք ունենք մեկ աղբյուրից`  պետական բյուջեից սնվող կենսաթոշակային համակարգ:  Բնական է, որ որոշումները, որոնք կայացվում են, հաշվի են առնում բյուջետային հնարավորություններն ու ռեսուրսները: Պետբյուջեի շուրջ 25 %-ն ուղղվում է կենսաթոշակային ապահովմանը, սակայն դա բավարար չէ:

Նախաձեռնված բարեփոխումները ենթադրում են մի քանի աղբյուրներից սնվող կենսաթոշակային ներդրում: Նախարարի խոսքերով, բարեփոխումների արդյունքում կենսաթոշակի ձեւավորման հիմքում կլինեն ոչ միայն հավաքագրվող հարկային եկամուտները, այլեւ քաղաքացիների կողմից կատարվող վճարումները եւ պետբյուջեի կողմից լրացուցիչ մասնակցությունը:

Ա. Ասատրյանն ասաց, որ այժմ համակարգը լրացվում է նոր աղբյուրներով, ինչը թույլ կտա մեր քաղաքացիներին ավելի բարձր չափերի կենսաթոշակ տրամադրել: Նախարարն անդրադարձավ նաեւ նոր համակարգի մասին հնչող հակադիր տեսակետներին: Նա ասաց, որ թեեւ կան կարծիքները, որ այս բարեփոխումներն արդյունք կտան միայն 10-20 տարի անց, սակայն պետք է հասկանալ, որ  այսօր պիտի դրվեն հիմքերը, որպեսզի նշված ժամանակահատվածից հետո ունենանք արդյունքներ: Ա. Ասատրյանն ասաց, որ քննադատություն է հնչում, բայց փոխարենը առարկայական որեւէ բան չի առաջարկվում:  Խոսելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին՝ նախարարը նշեց, որ դա հնարավոր է անել սուբյեկտիվ գործոնը, այսինքն ` մարդկանց շփումները տեսուչների կամ այլ պետական աշխատողների հետ նվազագույնի հասցնելու միջոցով: Ծառայությունների 70 %-ը կիրականացվեն ավտոմատացված` ներդնելով բարձր տեխնոլոգիաներ:

ԿԱԲԾ ղեկավար Ռոզա Կիապպեն էլ ասաց, որ ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը: Ըստ նրա, այս բարեփոխումները դրականորեն ազդելու են  երկրի տնտեսության վրա, ինչպես նաեւ  նպաստելու են քաղաքացիների ավելի ապահով ծերությանը: Ռ. Կիապպեն գտնում է, որ կառավարությունը բավականին մեծ աշխատանք է իրականացրել, եւ 2014 թ.-ին պատրաստ կլինի ներդնելու պարտադիր կուտակային համակարգը: Նրա ներկայացմամբ, ամեն ինչ արվել է, որ ծրագիրը նորմալ իրականանա, օրինակ` անհատական հաշվետվությունների համակարգն է պատշաճ կերպով մշակվել, բացի այդ, այս ամենի հետեւում կանգնած է Կենտրոնական բանկը, ԱՄՆ ՄԶԳ-ն էլ աջակցել ու շարունակելու է աջակցությունը: Տիկին Կիապպեն նշեց, որ աշխարհի բոլոր երկրներում էլ նոր համակարգեր ներդրվելիս լինում են ընդդիմադիրներ, իսկ ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե մարդկանց խնայողությունները կարող են կորչել` նվազագույնի է հասցված, քանի որ մի կողմից կա կենտրոնական բանկի կողմից վերահսկողություն, մյուս կողմից էլ անհատը ինքը անընդհատ օն-լայն կարող է հետեւել իր հաշվի փոփոխություններին, եւ վերջապես, ըստ Ռ. Կիապպեի, տրամադրվում են երաշխիքներ:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930