Այսօր Aravot.am-ը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց՝ ինչո՞ւ չի հերքվում այդ հարցազրույցը, եթե չեք հավատում, որ նման բան Ռուբեն Հայրապետյանն ասել է: Հիշեցնենք, որ քիչ առաջ ասուլիսում պարոն Սահակյանը վստահեցնում էր, որ Ռուբեն Հայրապետյանը չէր կարող նման սուր եւ տգեղ ձեւով արտահայտվել, ինպես ներկայացված է նրա հայտնի հարցազրույցում: Նա պատասխանեց. «Հերքեք դուք, կամ հարցրեք՝ ինչո՞ւ չի հերքվում: Հարցազրույցը ես չեմ տվել: Սովորաբար անձերի մեջ եղած բախումները քաղաքական դաշտի խնդիրը չի, եւ քաղաքական գործիչները պարզապես պիտի գնահատականներ չտան»:
Հարցին՝ կասկածելի չի՞, որ չեն հերքվում այդ հարցազրույցի մտքերը, պարոն Սահակյանը պատասխանեց. «Կասկածելի է՝ կասկածեք: Ես չեմ կասկածում: Ես ընդամենը իմ տեսակետն եմ հայտնում: Ռուբեն Հայրապետյանն այդ շրջանակներում չէր կարող ասած լինել նման բան»:
Մեր դիտարկմանը, որ լրագրողը հաստատել է, որ նա ասել է նման բան, ունի ձայնագրություն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դրա համար լրագրողը կարող է ձայնագրություն ուղարկել, մենք էլ լսենք»: Մեր դիտարկմանը, որ ոչ ոք լրագրողից չի պահանջում ձայնագրություն՝ նա այսպես արձագանքեց. « Ես չեմ հավատում դրան: Եթե դուք էլ չեք հավատում՝ պահանջեք: Ձեզ համար է դա սենսացիա: Ինձ համար դա սովորական, առօրյա հարցազրույց է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ