«Օբամայի արձագանքը ադեկվատ էր եւ համարժեք: Տեղի ունեցածը ցինիկ գործարք էր: Ալիեւը ընտրություններից առաջ որոշել է հերոսանալ իր ժողովրդի առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա՝ հնչեցին տարբեր հայտարարություններ, տարբեր տոնայնությամբ, բայց բոլորի ենթատեքստը գրեթե նույնն էր. ոչ ոք չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունները լարվեն, տարածաշրջանում պատերազմ սկսվի: «Միացյալ Նահանգներում մոտենում են նախագահական ընտրություններ, հետեւաբար Օբաման պետք է իր հայանպաստ գործունեությամբ քվեներ շահի: Հայտարարություններով պետք չէ շատ ոգեւորվել, որովհետեւ դրանք չեն արվում մեր սիրուն աչքերի համար, այդ խնդիրն օգտագործվում է իրենց շահերի համար: Նորմալ է, որ Եվրախորհրդարանում դատապարտել են կատարվածը: Եվրախորհրդարանը չէր կարող անմասն մնալ»,- ասաց Սուրենյանցը, հավելելով, որ Ալիեւը արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին, չնայած դա դեռ նկատելի չէ իրենց համար:
Քաղաքագետը կարծում է, որ Ալիեւը կոպիտ սխալ է թույլ տվել, ինչից Հայաստանը կարո՞ղ է օգտվել, թե՞ ոչ՝ կախված է միայն մեր վարած արտաքին քաղաքականությունից: «Սաֆարովը պետական պատվեր չէր կատարում, բայց Ադրբեջանում օրեցօր սաֆարովներ են ծնվում: Որպես կանոն՝ նման ոճրագործները երկար չեն մնում ազատության մեջ, նրանց համար ամենաապահով տեղը բերդն է լինում կամ գերեզմանը: Նման մի տականք էլ մենք ունենք՝ Նաիրի Հունանյանը»,- հավելեց Սուրենյանցը:
Անդրադառնալով հայկական դիվանագիտությանը, քաղաքագետը նշեց, որ մեր պաշտոնյաները չեն կարողացել կանխարգելիչ ֆունկցիա կատարել: Սուրենյանցը գտնում է, որ Հունգարիայի կառավարությունը մեծ պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Հայաստանի հետ կասեցված հարաբերությունների արդյունքում էլ Հունգարիան ոչինչ չի կորցնում, բայց Հայաստանին էլ ձեռնտու չէ լարված հարաբերություններ ունենալը ԵՄ երկրներից թեկուզ մեկի հետ: «Ի վերջո, հունգարական հասարակությունը ադրբեջանական հասարակություն չէ, Հայաստանը պետք է առաջ քաշի մեկ կարեւոր պայման, ասելով, որ եթե ձեզ խաբել է Ադրբեջանը, ապա միջազգային հետախուզում հայտարարեք Սաֆարովի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ