Իսկ 88-ամյա «Կոմիտասը» արդեն 2 տարի դուրս չի եկել երկրից
Երեւանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր եւ վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում դասական երաժշտության սիրահարները կհանդիպեն Բորոդինի անվան լարային քառյակին, որի գեղարվեստական ղեկավարն ու առաջին ջութակահարն է Ռուբեն Ահարոնյանը, երկրորդ ջութակահարը՝ Սերգեյ Լոմովսկին, ալտահարը՝ Իգոր Նայդինը եւ թավջութակահարը՝ Վլադիմիր Բալշինը: Առաջին օրը կհնչեն Բեթհովենի, Շոստակովիչի եւ Միրզոյանի կվարտետները, իսկ երկրորդ համերգում քառյակը Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ առաջին անգամ հայ ունկնդրին կներկայացնի Շպորի լարային քառյակի եւ նվագախմբի համար կոնցերտը:
1945թ. կազմավորված Բորոդինի անվան լարային քառյակն իր գոյության ընթացքում ունեցել է 6000-ից ավելի համերգներ՝ բոլոր մայրցամաքներում, որի ունկնդիրն են եղել շուրջ 1 մլն դասական երաժշտության սիրահարներ, իրականացրել է հարյուրավոր ձայնագրություններ, որոնք թողարկվել են CD-ների տեսքով, նկարահանումներ:
Եվ քանի որ լեգենդար քառյակին առանձնապես ներկայացնելու հարկ չկա, «Առավոտն» ընդամենը մեկ հարց ուղղեց բորոդինցիներին, այն է՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ո՞վ է զբաղվում ու կազմակերպում ձեր շրջագայությունները, որովհետեւ կեսկատակ-կեսլուրջ ասվում է, թե դուք տարին տասներկու ամիս հյուրախաղերի եք: «1950-ական թվականներից այդ մասին հոգում են բրիտանացիները, այսօրվա լեզվով ասած՝ մեր պրոդյուսերը ի սկզբանե բրիտանացի է (չնշեց ոչ կազմակերպության եւ ոչ էլ անհատի անունը)»,- ասաց Ռուբեն Ահարոնյանը: Ռեպլիկին՝ պատասխանից կարելի՞ է եզրակացնել, որ, ձեր դեպքում, ռուսաստանյան համապատասխան գերատեսչությունը, այսինքն՝ մշակույթի նախարարությունը ձեր «մասով» «ձեռքերը լվացել է», գեղարվեստական ղեկավարը ժպտաց, ասելով. «Մի՞թե մշակույթի նախարարություն կոչվածը չի վերաբերում խորհրդային տարիներին, վաղուց արդեն նոր ժամանակներ են»:
Նկատենք, որ դարձյալ լեգենդար, մեր Կոմիտասի անվան լարային քառյակը, որը «Բորոդինից» 21 տարով մեծ է, Ռուբեն Ահարոնյանի նշած նոր ժամանակներում համարյա մոռացել է հյուրախաղերի մասին: Մեր տեղեկություններով՝ կոմիտասցիները արդեն երկու տարի չեն մեկնել համերգային շրջագայության:
«Առավոտ» օրաթերթ