Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չունեմ գլխավոր բալետմայստեր»

Սեպտեմբեր 14,2012 13:16

Ասում է Յուրի Գրիգորովիչի մրցույթի ոսկե մեդալակիր Ռուբեն Մուրադյանը

Ճանաչված բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի երիտասարդ երկրպագուները վերջերս «Օդնոկլասսնիկում» արվեստագետի գործունեությունը լուսաբանող էջ են բացել՝ զետեղելով նրա լուսանկարները, տեսանյութեր եւ այլն: Հավանաբար այդ քայլին գնացել են՝ ելնելով նրանից, որ հնարավորություն չեն ունենում հաճախ «շփվելու» բարձրակարգ արտիստի արվեստին: «Առավոտը» պարզեց, որ 2011-12թթ. թատերաշրջանում սիրված արտիստը ընդամենը 5 անգամ է բեմ բարձրացել՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» (Ռոմեո), Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ), «Գայանե» (Արմեն), Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ) ներկայացումներում եւ 3D ծրագրում: Տեղեկացնենք, որ Օպերայն թատրոնի բեմը տեխնիկապես վերազինելու պատճառով Մայր թատրոնում հոկտեմբերի 1-ին արտիստը կներկայանա «Գայանեում»՝ Արմենի դերապարով:

«Առավոտը» հանդիպեց Ռուբեն Մուրադյանին:

– Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ հանդիսատեսը ձեզ կարոտի: Դա կանխամտածվա՞ծ է, թե՞…

– Եվ, եւ… Երկար ժամանակ «Սպարտակ» չէր ներկայացվում Կրասի դերապարը փայլուն կատարող Նարեկ Մարտիրոսյանի՝ Իսրայելի թատրոն մեկնելու պատճառով: Կարծում եմ՝ հիմնական պատճառը պետք է փնտրել գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի, այսպես կոչված, ստեղծագործական պրպտումների շրջանակներում: Նշեմ, որ նա բեմադրում է մեկ գործողությամբ բալետներ, բացի «Ռոմեո եւ Ջուլիետից», որոնցում պարզապես չեմ մասնակցի պարզ պատճառով՝ ես բալետի արտիստ եմ, այլ ոչ թե բեմում կարատե ցուցադրող: Ինձ հետ համակարծիք կլինեն, որ Ռուդոլֆ Խառատյանի՝ Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր նշանակվելուց հետո ներկայացվում են հիմնականում իր աշխատանքները: Վերջիվերջո, սա արվեստ է, այլ ոչ թե բիզնես: Հաճախ են ինձ հարցնում, թե ինչու պարբերաբար չի ներկայացվում «Ժիզելը», «Դոն Կիխոտը», «Գայանեն», իսկ Էդգար Հովհաննիսյանի՝ Մաքսիմ Մարտիրոսյանի խորեոգրաֆիայով «Անտունի» բալետի «լռության» առիթով էլ հաճախ նախատինքներ եմ ստանում: Նշեմ, որ վերջինս վերականգնելու համար միլիոններ հարկավոր չեն, ընդամենը ցանկություն է պետք: Ասեմ նաեւ, որ ժամանակին պաշտոնապես հայտարարել եմ (չնշեց որտեղ, երբ եւ ում ներկայությամբ), որ ես չունեմ գլխավոր բալետմայստեր: Յուրաքանչյուր բալետի արտիստի համար ներկայացումը աշխատանք է, իմ դեպքում դա վերածվել է տոնի: Սա, իհարկե, ոչ նորմալ է, բայց փաստ: Ստացվել է այնպես, որ ծննդյանս օրվանից շատ եմ սիրում ոչ հաճախակի բեմելներս:

– Թատրոններում ընդունված է, որ առաջնակարգ արտիստը հաճախ իրենն է թելադրում…

– Վաղուց արդեն մեր թատրոնում ստեղծագործական անբարենպաստ մթնոլորտ է (խոսքը բալետային խմբի մասին է): Գլխավոր բալետմայստերը, իմ կարծիքով՝ անհիմն մեղադրում է թատրոնի տնօրենին, եւ ոչ միայն: Արդյունքում տուժում ենք մենք՝ արտիստներս, եւ ընդհանրապես՝ թատրոնը եւ, որ ամենակարեւորն է՝ հանդիսատեսը: Ռուդոլֆ Խառատյանի՝ գլխավոր բալետմայստեր նշանակվելուց միառժամանակ հետո մեզ խոստացան, որ երկու տարի ժամկետով նրա հետ կնքված պայմանագիրը չի երկարացվի, սակայն խոստումը չկատարեցին (չասաց՝ ով կամ ովքեր): Ի դեպ, կային ժամանակներ, երբ Պարարվեստի քոլեջի առաջին կուրսից արդեն ապագա բալետի արտիստները գալիս էին թատրոն պրակտիկայի, իսկ երրորդ կուրսից՝ կես դրույքով աշխատում էին: Սա գեղեցիկ ավանդույթ էր, ավելին՝ ճիշտ աշխատաոճ, օգտակար եւ քոլեջի, եւ թատրոնի համար:

– Վստահ ենք, որ ցանկացած թատրոն ձեզ սիրով կընդունի, մանավանդ որ 2010-ին Մեծ թատրոնի հետ ԱՄՆ-ում, «Քենեդի» հայտնի սրահում հանդես եկաք «Սպարտակի» մենապարով: Գուցե Արեւմուտքի թատրոններում փայլող հայաստանցի արտիստների շա՞րքը համալրեք:

– Ցավում եմ, բայց կարծում եմ՝ ինձ այլ տարբերակ չի մնացել:

– Հայաստանցի արվեստագետների օրինակով էլ դուք՝ բալետի արտիստներդ, առիթի դեպքում դժգոհություն ենք հայտնում հովանավորների բացակայության առիթով…

– Ստացվել է այնպես, որ Օպերային թատրոնի հովանավորը ՀՀ նախագահի տիկինն է, նրա աջակցությամբ է, որ ժամանակին բեմադրվեցին «Սպարտակ» բալետը եւ Վերդիի «Աիդան»: Հավանաբար ինձ ոչինչ չի մնում, քան դիմել նախագահի տիկնոջը: Հակառակ դեպքում այսպես շարունակվել պարզապես չի կարելի, էլ չասեմ՝ որ անիմաստ: Խնդրում եմ այս միտքը չընդունել եսասիրության դրսեւորում: Մեզանում թերեւս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ հետեւելով քաղաքակիրթ երկրների օրինակին, այս համերգաշրջանում նվագախումբ է հրավիրել իսպանացի բարձրարվեստ վալթորնահար, ինչը ողջունելի է:

– Անցյալ թատերաշրջանում, օգտագործելով ձեր երկրորդ՝ բեմադրիչի մասնագիտությունը, հանդես եկաք իբրեւ խորեոգրաֆ…

– Դա ընդամենը մեկ համար էր, ինչն իրականացրի «Տրիո բրավո» հանրահայտ խմբի երաժշտությամբ: Այս պահին ոչ, բայց կարծում եմ՝ նեոկլասիկ, իսկ ավելի ճիշտ՝ դասական ոճում ապագայում կներկայացնեմ սեփական բեմադրություն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930