Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ վկայի ցուցմունքը հայտնի է եղել մյուսներին

Սեպտեմբեր 14,2012 13:13

Մեկ տարի է, ինչ ընթանում է սպա Արտակ Նազարյանի մահվան հետ կապված գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ այն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ է ընթանում եւ որ մի քանի արտագնա դատական նիստեր էլ տեղի ունեցան Շենգավիթ վարչական տարածքում գտնվող դատարանում: Վկա Արման Մնացականյանի հարցաքննության ժամանակ ամբաստանյալների հարազատների պատճառով դատական նիստը տեղափոխվել է մարզի Իջեւան քաղաքի նստավայր: Ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հրանտ Գեւորգյանի գնահատմամբ, Իջեւան տեղափոխվելով գործի լուսաբանումը ինչ-որ չափով լռեցվեց:

Հրանտ Գեւորգյանի պաշտպանյալը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, որը առաջ է բերել ծանր հետեւանք եւ հրամանատարի կողմից ստորադասի հետ վեճի բռնվելու, պետական սահմանների պահպանության ժամանակ թույլ տրված խախտումների համար: Փաստաբանի կարծիքով, վարույթն իրականացնող մարմինը արարքի որակումը սխալ է կատարել: Հրանտ Գեւորգյանը գտնում է, որ Արտակ Նազարյանի հետ 2010թ. հուլիսի 19-ին, իր պաշտպանյալի փոխադարձ վեճի արդյունքում «մեկը մյուսին հարվածել են՝ սպաները միմյանց նկատմամբ բնություն են գործադրել, մինչդեռ Հակոբ Մանուկյանի նկատմամբ մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման համար. նույն արարքը քրեական օրենսգրքի 2 հոդվածների հիմքով է որակվել»: Ըստ պաշտպան Գեւորգյանի, Հակոբն իրեն մեղավոր չի ճանաչել, գտնելով, որ իրենց վեճը առիթ չի դարձել Արտակին ինքնասպանության հասցնելու: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ Հ. Գեւորգյանը հղում կատարեց դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, որով հանգուցյալ Նազարյանը ինքնասպանությունից առաջ գտնվել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ՝ միջին ծանրության հարբածության վիճակում: Ըստ պաշտպանի՝ դատական հոգեբան Էլդա Գրինը այս հանգամանքը չի գնահատել, իսկ քննիչ Լեւոն Պողոսյանն էլ այդ կապակցությամբ հարցեր չի տվել, ավելին՝ քննիչի որոշման նկարագրական մասը, չգիտես ինչու, համընկել է մեղադրական եզրակացության նկարագրական մասին: Պաշտպանի կարծիքով, քննիչը դրանից հետո է եզրակացրել, որ Հակոբի եւ Արտակի միջեւ տեղի ունեցած վեճը պատճառական կապի մեջ է Արտակի ինքնասպանության հետ: «Առավոտի» հետ զրույցի ժամանակ պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2010թ. հուլիսի 27-ին, դեպքը տեղի ունենալուց հետո, մարտական հենակետը՝ ողջ անձնակազմով ռազմական ոստիկանության կողմից կալանավորվել է: «Ռազմական ոստիկանությունը եւ քննիչները հոգեկան ճնշումների պարագայում ցուցմունքներ են կորզել: Վկաներից չորսը դարձել են վկա, մյուս չորսը՝ ամբաստանյալ, երեքը ընդհանրապես չեն դատակոչվել: Հետագայում երբ դա բացահայտվեց դատական քննության ժամանակ, ակնհայտ էր, որ վկաների ցուցմունքները որպես ապացույց գնահատելն անթույլատրելի է»,- ասում է Հրանտ Գեւորգյանը: Ի դեպ, դատաքննության ժամանակ պարզ դարձավ, որ վկա զինվորները պահվել են նույն խցում: «Մեկ վկայի ցուցմունքը հայտնի է եղել մյուսներին, մինչդեռ քրեական օրենսգրքի 206 հոդվածի խախտում է, ինչը նշանակում է, թե քննիչը պարտավոր էր վկաներին առանձնացնել: Վկաները նույն խցում գտնվել են տեւական, վկաներ կան, որ պահվել են 21, 23, մինչեւ 30 օր: Գրանցվել է մի խայտառակ փաստ, ինչը քողարկելու համար զինվորական ոստիկանությունը եւ դատախազությունը թաքնվել են գնդի հրամանատարի իրավունքների ետեւում, այսինքն՝ կալանավորման պատճառը ձեւակերպել են իբր նույն օրը բոլոր զինվորները թույլ են տվել կարգապահական խախտում: Երբ գնդի հրամանատարը հրավիրվեց հարցաքննության, նա կոնկրետ մատնացույց չարեց, թե ինչ խախտումներ են կատարել իր զինվորները: Իսկ երբ հարցրինք՝ դու այցելե՞լ ես հենակետ, նա պատասխանեց՝ ոչ, այսինքն չէր էր առնչվել զինվորների հետ»,- ասում է Հ. Գեւորգյանը:

Ըստ փաստաբանի, տպավորություն է ստեղծվել, թե «Արտակ Նազարյանի դին ում վրա դուրս գրեն»: Հրանտ Գեւորգյանը մեզ հետ զրույցի ժամանակ ուշադրություն հրավիրեց նաեւ վարկածների առաջադրման հետ կապված: Նա ասաց, որ կարող է թվարկել մի 10 վարկած՝ սպանության, ինքնասպանության հասցնելու, ինքնասպանության, սակայն ռազմական ոստիկանությունը բացատրությունների հիման վրա քննություն է կատարել միայն Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու վարկածով: «Այսօր իրավացի են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, որոնք հայտարարում են, թե Արտակ Նազարյանին սպանել են, քանի որ ես էլ եմ կարծում, որ նախաքննական մարմինը այդ հարցին պատասխան չի տվել»,- ասում է Հ. Գեւորգյանը: Ի դեպ, պաշտպանը հիշեցրեց անդրանիկ դատական նիստը, երբ միջնորդություն արեց մեղադրական եզրակացությունը ետ ուղարկելու մասին: Նրա կարծիքով՝ այս պարագայում մեղադրանք առաջադրել եւ պատասխանատվության կանչել զինվորներին՝ անարդարացի է: Պաշտպանի կարծիքով, քրեական գործի ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ պատասխան չի տրվել, թե Արտակ Նազարյանը ինքնասպա՞ն է եղել, հասցրե՞լ են, թե՞ սպանել: Ըստ պաշտպանի, չնայած Արտակի գրպանից հայտնաբերել են երկտող, թե մեղավորն ինքն է, իր դաստիարակությունը, բայց նախաքննության մարմինը այդ գրության շուրջ էլ հարցաքննություն չի կատարել: «Եթե քննություն կատարվեր, պետք է ժխտվեր ամբաստանյալների կողմից Արտակին ինքնասպանության հասցելու փաստը»,- ասում է նա, մինչդեռ ամբաստանյալները կալանավորված էին եւ բազմաթիվ ցուցմունքներով էլ ոստիկանները «ջանացել» են ապացուցել, թե Արտակին հասցրել են ինքնասպանության: Հրանտ Գեւորգյանը համաձայն չէ, թե Արտակ Նազարյանը խեղճ եւ թույլ հրամանատար է եղել: Ըստ նրա, որպեսզի հաստատեն ինքնասպանության փաստը, շինծու վկաների ցուցմունքների միջոցով «ապացուցել» են, որ Արտակը թույլ էր: Հրանտ Գեւորգյանն ասում է, որ դատաքննության ժամանակ վկաները հակառակն ապացուցեցին, որ Արտակը կարողացել է ինքնուրույն որոշումներ կայացնել, բոլորի հետ լինել ինչպես հավասարը հավասարի, զինվորներին ծանոթացրել է գրականության, պատմության հետ: «Արտակը այն խղճուկը չէր, որ նրան ինքնասպանության հասցնեին, նա ֆիզիկապես անգամ պատրաստված է եղել, սպորտային պարապմունքների է գնացել»,- ասում է Հ. Գեւորգյանը:

«Առավոտի» հարցին, թե ինչպես է պաշտպանական կողմը իրականցնում իր դատավարական իրավունքները, պաշտպանն ասաց, որ առաջին անգամ է հանդիպել մի երեւույթի, երբ արգելվել էր հայտարարություններ եւ միջնորդություններ անել: Ինչ վերաբերում է սպառնալիքներին, զրուցակիցս ասում է, որ չնայած սպառնալիքներ չկան, սակայն իրենց միջնորդություններն ու հայտարարությունները սահմանափակելը արդեն իսկ իրենց՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտ էր: Ըստ պաշտպանի, եթե դատարանը գործի քննությունը շարունակի պատշաճ կարգով իրականացնել, ամբաստանյալների մեծ մասը հանցակազմի բացակայությամբ ազատ կարձակվեն:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930